շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է. Բալայան

Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է. Բալայան

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում սպանության դեպքերին և ասաց, որ բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է, և ամեն ինչ արվում է հասարակության օբյեկտիվ ուշադրության ներքո:

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե նույն գործողությունը կատարվում է քաղաքացիական անձի կողմից, շատ ավելի մեղմ պատիժ է սահմանված, քան եթե կատարվում է զինծառայողի կողմից: վերջերս էլ օրնքով խստացվեց զինված ուժերում ինքնասպանության հասցնելու պատիժը»:

Փոխնախարարի խոսքով՝ իրենք չեն կարող ամբողջովին բաց հրապարակել պատժվողների անունները, որովհետեւ դա կարող է հետաքրքիր լինել նաեւ հակառակորդին:

«Օրինակ՝ վերջին դեպքերում բավական բաց հրապարակվեց, թե ովքեր են պաշտոնին հրաժեշտ տվել, ովքեր են պաշտոնի իջեցում ունեցել, ում նկատմամբ է քրեական գործ հարուցվել, մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում սպալական կազմից»,-ասաց Բալայանը եւ հավելեց. «Բանակում սպանության դեպքերը կանխելու նպատակով արվում է առավել, քան հնարավոր է: Բայց չեմ ասում, որ անում ենք իդեալական, եթե իդեալական լիներ, էսպիսի դեպքեր չէինք գրանցի:

Դուք որևիցե բանակ չեք կարող գտնել, որտեղ նման դեպքեր չեն արձանագրվում: Ես չեմ ասում, որ նորմալ է, սա շատ վատ է, ուրեմն ինչ-որ մեկն իր պարտականություններում թերացել է: Դեռ շատ բան ունենք անելու»:

Նա նշեց, որ  կա նաեւ մենթալիտետի փոփոխության խնդիր, եւ այդպիսի փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցել է: «Բայց որ պետք է մենթալիտետը փոխելու համար շատ ավելի շատ ջանքեր գործադրենք, դա միանշանակ է»,-ասաց փոխնախարարը:

Բալայանն անդրադարձավ նաեւ երեկ տեղի ունեցած զինվորի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առնչությամբ կատարված գործողություններին:

Նա նշեց. «Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է որոշել քննչական կոմիտեն կամ դատախազությունը:

Տեղի է ունեցել դեպք, որը նախնական տվյալներով սպանության հոդվածով է հարուցվել, ես չմեկնաբանեմ, կարող եմ հավաստիացնել, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները կատարվել են, համապատասխան անձանց շրջանակը պարզված է, անձնակազմի հետ, որոնք այդ պահին ներկա են եղել, գործողությունները դեռ գիշերվանից տարվել են: Դա հնարավորություն է տվել քննության համար արժեքավոր տեղեկություններ ստանալ»:

 

  • Կիսվել: