երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ Արամ Թորոսյան

Բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են․ Արամ Թորոսյան

2024 թվականի հաշվետու ժամանակահատվածում և այս պահի դրությամբ նախորդ՝ 2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

«Այս տարի արձանագրված 33 մահվան դեպքերից շատ փորձագետներ, իրավապաշտպաններմ ՀԿ-ներ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, չեն մասնավորեցնում։ 33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետևանքով են տեղի ունեցել, 2-ը ավիավթարի հետևանքով, 5-ը հիվանդության, 11-ը ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Օրինակ՝ երբ զինծառայողը իր սեփական մեքենայով ծառայությունից դուրս վայրում վթարի ենթարկվել և սա տեղ գտնի մամուլում»,- ասաց նա և հավելեց, որ այդ ուղղությամբ տարվում են բազմաթիվ կանխարգելիչ աշխատանքներ։

Նա մանրամասնեց, թե ինչ աշխատանքների մասին է խոսքը․ «Զորամասերում շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում։ Մասնավորապես, առանձնահոտւկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնախեղումների և ինքնասպանության հասցնելու, արտահաստիքային խմբի պլանային աշխատանքով նախատեսված խնդիրներին, նաև ռիսկային խմբերում գտնվող զինծառայողների հետ տարվում են մի շարք աշխատանքներ։ Զինված ուժերով հավաք-խորհրդակցությունների ժամանակ, Զինված ուժերի կարգապահության ամրապնդման ու բարելավմանն ուղղված խորհրդակցություններին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման, ինչպես նաև դիտակետում, դիրքում, հենակետում քնած զինծառայողի նկատմամբ ոչ կանոնագրքային դեպքերին»։

Թորոսյանի խոսքով՝ հանցագործությունների կանխարգելման գործում մեծ դեր ունեն սպա հոգեբանները, զորամասի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները վերջիններիս հետ պարբերաբար անցկացնում են թեմատիկ սեմինարներ, դասընթացներ։

 

  • Կիսվել: