ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բանակում բավականին միջոցառումներ է իրականացվել բացասական ուղղությամբ, որը կարգապահության ու պատրաստության մակարդակն իջեցրել է. Սեյրան Օհանյան

Բանակում բավականին միջոցառումներ է իրականացվել բացասական ուղղությամբ, որը կարգապահության ու պատրաստության մակարդակն իջեցրել է. Սեյրան Օհանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր 2018 թվականի մայիսի դրությամբ ունենալ ավելի պաշտպանված, ավելի ունակ, ավելի կահավորված, ավելի պատրաստված Զինված ուժեր, որը կկարողանար դիմակայել մարտահրավերներին։

Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց՝ իհարկե, հնարավոր էր, միշտ ցանկություններն ավելին են եղել, քան եղել է պետության հնարավորությունները։

«Հնարավորությունները եղել են այնքան, որքանով Հայաստանի պետական բյուջեն ու նաև մեր գործընկերների հետ ռազմատեխնիկական ու ռազմավարական հարաբերությունների շրջանակում հնարավորություն ենք ունեցել Զինված ուժերը համալրել, բայց Զինված ուժերի նաև այդպիսի համալրման շրջանակում բավականին բարձր է եղել և՛ Զինված ուժերի պատրաստության մակարդակը, և՛ Զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը, մարտական ոգին», - ասաց նա։
 

Պատգամավորի խոսքով՝ բանակում բավականին միջոցառումներ է իրականացվել բացասական ուղղությամբ, որը բանակի մակարդակը, կարգապահության մակարդակը ու պատրաստության մակարդակը իջեցրել է։

«2018 թվականից հետո ես չեմ տեսել խոշոր որևէ զորավարժություն, որ Զինված ուժերի ղեկավարությունը կամ պետությունը իրականացնի։ Դուք տեսե՞լ եք որևիցե մի պաշտոնյա՝ սկսած գերագույն հրամանատարից, ինչպես հակառակորդի գերագույն հրամանատարն է, հագնի Զինված ուժերի համազգեստն ու գնա մարտական գործողությունների վայր, չեմ տեսել, ինչ-որ ձկնորսների համազգեստ են մտցրել, դրանով իսկ կարգապահության մակարդակը...այլ բառեր չեմ ուզում օգտագործել», - ասաց Պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ ամենակարևոր խնդիրն այս մեկ տարվա ընթացքում, որ պետք է իրականացվեր ու չի իրականացվել,  պետք էր պետության մեջ բոլոր ոլորտների ռազմավարական վերանայում իրականացվեր։

«ՊՆ-ում չի իրականացվել, խոսում ենք բարեփոխումների մասին, բայց այդ պլանը չկա բանակում», - ասաց նա։

  • Կիսվել: