«Բանակից ՏՏ» ծրագիրը հիանալի հնարավորություն է նոր զորացրվածների համար. պատմում են ծրագրի մասնակիցները
«Բանակից ՏՏ» ծրագրի մասնակիցներն ընդգծում են՝ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո անորոշության մեջ են եղել իրենց ապագայի հարցում, չեն հասկացել ինչից ու որտեղից սկսեն, սակայն ծանոթացել են ծրագրի մասին հայտարարությանն ու որոշել են դիմել:
Վերջինս պատմեց, որ դասընթացների ավարտից հետո դիմել է հայաստանյան ՏՏ ընկերություններից մեկում աշխատանքի անցնելու համար։ Նշում է՝ դիմողները շատ էին, բայց հենց իրեն են ընտրել։ Գրիգորյանը վստահ է, որ «Բանակից ՏՏ» ծրագիրն է օգնել, որ հենց իրեն են աշխատանքի վերցրել։
Նա առանձնացրեց՝ պատերազմից հետո ծրագիրը ստիպում է հասկանալ, որ իրենք անտեսված չեն, պետությունն իրենց մասին մտածում է։ Այնպես չէ, որ մասնակցելուց հետո կյանքը նույն ձևով է շարունակվում։ Դասընթացը օգնում է ավելի շուտ վերադառնալ սովորական կյանքին։
Գրիգոր Գրիգորյանն ու Հրանտ Գրիշյանն ընկերներ են, երկուսն էլ դիմել են ծրագրին, պատահական հանդիպել, իսկ հիմա էլ ծրագրի տված գիտելիքների շնորհիվ նույն ընկերությունում են աշխատում։
ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրեն Շամամ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Նա ընդգծեց, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է:
«44 օրյա պատերազմից հետո ծրագրի դիմորդների թիվը կրճատվեց։ Պարտությունից հետո անհատի ձևավորման ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատանքներ տարվեն։ Ինքներս մեզ քիչ ենք սկսում հավատալ, քիչ ենք սկսում հավատալ, որ նոր բան սովորելը որևէ արդյունք կունենա։ Սակայն հետո այն գիտելիքները, որոնք ստանում են ծրագրի դիմորդները, ապագայի հանդեպ հավատով է լցնում»,- առանձնացրեց Գևորգյանը։
Վերջինս նշեց, որ 2021 թվականին ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են մասնագիտական վերապատրաստումներ: Ծրագիրն իրականացվել է DISQO, Luseen Mobile, TeamViewer Armenia, Get Skills Academy, Brandon Agency, ArmSecFoundation կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում։
Օրերս DISQO ընկերության հետ համագործակցությամբ ԱՏՁՄ-ն կտա նոր դասընթացի մեկնարկը։ Հայտերի ընդունման ժամկետը կսկսվի հունվարի 24-ին։ ԱՏՁՄ կրթական ծրագրերի տնօրենը խորհուրդ է տալիս հնարավորությունը բաց չթողնելու համար հետևել իրենց «Ֆեյսբուք»-ի էջին։