շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակի տոնը մշտարթուն պատգամ է բոլորիս՝ համախմբվելու ազգային գաղափարների և նպատակների շուրջ. Վայոց ձորի մարզպետ

Բանակի տոնը մշտարթուն պատգամ է բոլորիս՝ համախմբվելու ազգային գաղափարների և նպատակների շուրջ. Վայոց ձորի մարզպետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

՛՛Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգելի՛ զինվորականներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայկական բանակի ստեղծումը ժամանակի անխուսափելի հրամայականն էր. այն կազմավորվեց պատերազմի բովում, թրծվեց և կայացավ՝ հաղթահարելով բազում փորձություններ և կերտելով մեր նորագույն պատմության հաղթանակների փառավոր էջեր: Հայկական բանակի ստեղծումը ազատատենչ հայ ժողովրդի ազգային զարթոնքի, համազգային նվիրական իղձերի և երազանքների իրականացման հիմնաքարը դարձավ:

Խորին հարգանքս և երախտագիտությունս բանակաշինության ակունքներում կանգնած և հետագայում այն զարգացրած բոլոր հայորդիներին, ովքեր գիտակցեցին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ինքնիշխանության, անվտագության լավագույն երաշխավորը մարտունակ բանակը պետք է լինի:

Խորին խոնարհումս հայրենիքի խաղաղ արշալույսների համար կյանքը նվիրած քաջորդիներին, ովքեր օրհասական ժամին չընկրկեցին և ապացուցեցին, որ հայրենիքի նկատմամբ սերը պետք է լինի բարձրագույնը: Խորին ակնածանքս նրանց ազնվագույն արժեքներով դաստիարակած ընտանիքներին, ուժ և տոկոնություն՝ կորստին դիմակայելու համար:

Անվտանգ և խաղաղ ծառայություն եմ մաղթում հայկական բանակում այսօր իրենց սրբազան պարտքը արժանապատվորեն և մեծ պատասխանատվությամբ կատարող բոլոր անձանց: Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց, ովքեր իրենց արդյունավետ և նվիրված աշխատանքով ամուր և հաստատուն են պահում թիկունքը:

Բանակի տոնը մշտարթուն պատգամ է բոլորիս համախմբվելու ազգային գաղափարների և նպատակների շուրջ,կրկին արժևորելու անցյալի փառապանծ ձեռքբերումները և միասնական կամքով հաղթահարելու մարտահրավերները:

Պետք է զինվել լավատեսությամբ, բարձր պահել հայկական բանակի մարտունակությունը և հաղթական ոգին:

Փա՛ռք ու պատի՛վ հայոց բանակին:
Կեցցե՛ հայկական բանակը՛՛,-ասված է ուղերձում:

  • Կիսվել: