հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բանակի բարեփոխման համար պետք է բարձրացնենք զինվորական ծառայության գրավչությունը. վարչապետ

Բանակի բարեփոխման համար պետք է բարձրացնենք զինվորական ծառայության գրավչությունը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում անդրադարձավ բանակի բարեփոխումների վերաբերյալ թեմային: Նա նշեց, որ բանակի բարեփոխման համար առաջնային պետք է զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնենք։ 

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Մյուս տարվանից մեկնարկում ենք բանակում ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողների աշխատավարձը առնվազն կրկնապատկվելու է։ Մենք խոսում ենք զինվորական կրթության մասին, արդեն որոշում ենք կայացրել, որ ռազմական համալսարաններ ընդունվողները ավարտելուց եւ իրենց ծառայության վայր նշանակվելուց հետո կստանան բնակարան, որը նրանք օտարելու հնարավորություն չեն ունենա մինչեւ իրենց ծառայության պայմանագրի ավարտը, որից հետո դա որպես սեփականություն կփոխանցվի այդ ծառայողներին»:

Վարչապետն ասաց, թե էական աշխատանքներ են տարվում զինված ուժերում կանանց ներգրավածությունը ընդլայնելու ուղղությամբ։

«Մենք հայտարարել ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, հայտարարել ենք, որ առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա վեց ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության եւ արդեն այս բարձրացված աշխատավարձերից ստանալ եւ այդ սկզբունքով ծառայել առնվազն հինգ տարի։ Սրանք շատ խորքային ու բովանդակային փոփոխություններ են»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Կառավարությունը փորձում է սպառազինության ձեռքբերման հնարավորությունները դիվերսիֆիկացնել։

Հարցին, թե մեր գործընկերոջ հետ զենքի մատակարարման հետ կապված խնդիրը լուծվե՞լ է, վարչապետն ասաց, որ չի լուծվել, քննարկումները շարունակվում են։

  • Կիսվել: