շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բանակային խաղերի կազմակերպմանը և անցկացմանը 43 մլն դրամ կտրամադրվի

Բանակային խաղերի կազմակերպմանը և անցկացմանը 43 մլն դրամ կտրամադրվի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին: 

Որոշման ընդունմամբ ակնկալվում է ռազմակիրառական մարզաձևերի մասսայականացում, ֆիզիկական պատրաստականության դերի ու նշանակության բարձրացում, ուժային կառույցների միջև մարզական առողջ մթնոլորտի ստեղծում: Յուրաքանչյուր տարի ակնկալվում է՝ 184 անձանց մասնակցության ապահովում, որից 120 մարզիկ, 8 ղեկավար, 16 ներկայացուցիչ և 40 մրցավար:

«Նախատեսված է որ 2023 թվականի օգոստոսի 20-27-ն ընկած ժամանակահատվածում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և ՊՆ մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր մի քանի կառույցների մասնակցությամբ: Բանակային խաղերին կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, ՆԳՆ, ՓԾ, ՊՊԾ, ՊԵԿ, ՔԿ և Գլխավոր դատախազության աշխատակից կանայք և տղամարդիկ: Յուրաքանչյուր կառույց կարող է ներկայացնել 1-ական թիմ»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ նախագծով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված 2023 թվականի միջոցներից վերաբաշխում է կատարվում բանակային խաղերի կազմակերպման և անցկացման նպատակով՝ 43 մլն դրամի չափով. ընդ որում՝ դրանից 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է:

«Ակնկալվում է, որ բանակային խաղերը կդառնան ամենամյա՝ ըստ անհրաժեշտության վերանայվելով և այս տարվա օգոստոսի վերջին առաջին անգամ կայանալիք մրցման արդյունքների հիման վրա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:

  • Կիսվել: