հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այսօրվա դիպվածը կապում եմ Հայաստանում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ. Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Այսօրվա դիպվածը կապում եմ Հայաստանում պետական խորհրդանիշների օրը նշելու հետ. Պապիկյանը՝ սահմանային իրավիճակի մասին

Սահմանային այսօրվա իրավիճակը ես կապում եմ նաեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում  պետական խորհրդանիշների օրը նշելու հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ներկայացվում է իրավիճակը սրելու կամ ցույց տալու համար, որ հայկական կողմը ունի ապակառուցողական դիրքավորում եւ մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը: Այսօրվա դիպվածը ես կապում եմ նաեւ այս օրվա հետ, հաշվի առնելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է պետական խորհրդանիշների օրը, իրենք փորձել են այս ձեւով եւս մեկ անգամ ի ցույց դնել իրենց սադրիչ էությունը: Ի պատիվ մեր սահմանապահների գործողությունների՝ նրանց նպատակը չի իրականացվել: Ցավոք, դիպուկահարի կողմից կա մեկ վիրավոր, իրենց նույնպես հայտնել են վիրավորի մասին»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ: Հակառակորդի կրակոցներին հայկական կողմը ունի մեկ վիրավոր՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող՝ Արթուր Արմենի Ազրոյանը (2002թ.):

Նշենք, որ այսօր ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը  կանխվել է:

  • Կիսվել: