երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Այսօր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ. Փաշինյանը երկու պատճառ նշեց

Այսօր զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ. Փաշինյանը երկու պատճառ նշեց

Վերջերս անվտանգության խորհրդի նիստում մենք հավանություն տվեցինք բանակի կերպափոխման հայեցակարգին. կարծում եմ, որ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպե՞ս կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ունենք։ Բայց սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք սրտի, շատ դեպքերում կտրված է և տարբերակված է: Կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում տարածաշրջանային իրադրության, խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ:

Մենք հստակ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է, իհարկե, նաև հարակից որոշակի իրադրության մեկնաբանություններով»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ բանակի նկատմամբ համատարած և համընդհանուր դրական վերաբերմունքի պայմաններում զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ. «Հարց է ծագում, ինչու։ Պարզվում է՝ ամենատարբեր առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ Այստեղ կարող ենք երկու հետևության գալ, հնարավոր, կամ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է, կամ ունենք համատարած օրենքով ընձեռված հնարավորությունների չարաշահում:

Իհարկե, ցավոք չենք կարող ասել, որ առողջապահական իմաստով մենք խնդիր չունենք, որովհետև հարյուրավոր դպրոցներում ֆիզկուլտուրայով, համայնքներում սպորտով զբաղվելու, ակտիվ ապրելակերպով զբաղվելու ենթակառուցվածք չկա, նաև ընկալում չկա:

Երիտասարդները պատանի տարիքից համատարած օրինակ ծխում են և ալկոհոլ են օգտագործում և անառողջ կյանքով են ապրում: Սա, ցավոք սրտի, համարվում է ինչ-որ արդեն հաստատված մի կանոն, հենց այդպես էլ պետք է լինի։ Դեռ նախորդ դարից եկած կա այդ ընկալումը, որ մեր տղաները ծխելը համարում են հասունացման կամ կայացման ինչ-որ մի ճանապարհ: Սա մի խնդիր է, որի հետ կապված մենք արդյունավետ կառավարման միջոցը դեռ չենք գտել, բայց ես կարծում եմ միակ միջոցը արդյունավետ, դա հետևողականությունն է, որ մենք անընդհատ աշխատենք»,- ընդգծեց Փաշինյանը:

  • Կիսվել: