կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր Շահեն Մեղրյանը կդառնար 70 տարեկան

Այսօր Շահեն Մեղրյանը կդառնար 70 տարեկան

Արցախի հերոս, Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի նախկին հրամանատար Շահեն Մեղրյանն այսօր կդառնար 70 տարեկան։

Մեղրյանի մարտական ուղին սկսվել էր 1988 թվականին: Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի է ունեցել Մանաշիդ գյուղում՝ 1990 թվականի հունվարի 12-13-ին, երբ ադրբեջանցի զինյալները փորձել են գյուղի բնակիչներին տեղահանել. շրջանի կամավորականների նորաստեղծ խմբերը հետ են շպրտել նրանց գյուղի սահմաններից։

1991 թվականին «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։  Մեղրյանն իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակողական օպերացիա, որի շնորհիվ սեպտեմբերի 14-19-ին ազատագրվեցին գյուղերը։ 1991 թվականի նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ ճնշվեցին Թոդան ադրբեջանական գյուղի կրակակետերը։

1992 թվականի հունիսի 13-ի բռնի տեղահանումից հետո Շահեն Մեղրյանի նախաձեռնությամբ Հաթերք գյուղում 25 կամավորից բաղկացած խումբ ձեւավորվեց՝ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատը, որին միանում են Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների  մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Ջոկատի անմիջական օգնությամբ ազատագրվել են Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։

 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերոջը փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը, 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը:

1993թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ:

  • Կիսվել: