շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է․ Օհանյան

Այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է․ Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ այստեղ, այս սրբավայրում են հանգչում, Սպարապետից սկսած, մինչև վերջին շարքային զինվորը, այն հերոսները, ում ջանքերի, նվիրումի շնորհիվ, մենք ձևավորել ենք բանակ, հաղթանակած բանակ։

«Ցավոք, վերջին տարիներին բանակին հարվածել են նաև թիկունքից։ Այս պատերազմը եղել է դավադիր, պետությունը, կարելի է ասել, չի օգնել բանակին, որ մենք հաղթանակ ունենանք, բայց այսօր մեզանից յուրաքանչյուրի գործն է պաշտպանել այն կառույցը, որը տարիներ ի վեր մեզ պաշտպանել է։ Բանակը մեզ պաշտպանել է, և յուրաքանչյուր ոք այսօր պարտավոր է պաշտպանել բանակին՝ որպես իր զավակի»,- ընդգծեց Պաշտպանության նախկին նախարարը։

 

Գործող իշխանությունների համար բանակը խորթ է, խոսքը շարունակեց Սեյրան Օհանյանը։

«Բանակը նրանց համար խորթ է, որովհետև բանակի կայացման գործում նրանցից շատ շատերը ոչինչ չեն արել։ Խորթ է, որովհետև նրանցից շատ-շատերը բանակում չեն ծառայել, չգիտեն բանակում ծառայության արժեքը, առանձնահատկությունները, խորթ է, որովհետև այլ պայմանավորվածություններ ունեն»,- նշեց նա։

Խաղաղություն խոստանալով՝ երկրին պատերազմ բերած իշխանություններն այսօր Եռաբլուրում ձևական են ծնկի իջնում, համոզմունք հայտնեց Սեյրան Օհանյանը․ եթե պատերազմի օրերին զինվորի, հրամանատարի կողքին լինեին, ձևական ծնկի իջնելու կարիք էլ չէր լինի։

«Ձևական է, որովհետև այսօր էլ ոչինչ չեն անում՝ բանակը կայացնելու համար»,- ընդգծեց նա։

 

Այնուհանդերձ, ըստ պաշտպանության նախկին նախարարի, ՀՀ ԶՈՒ-ն այսօր էլ ոտքի կանգնելու հնարավորություն ունի։

 

«Իր հնարավորություններով՝ բանակը պարտավոր է, ի վիճակի է, որպես կազմակերպված կառույց, առաջինը ոտքի կանգնել, առաջինն իր մեջքն ուղղել և իր առջև դրված խնդիրը կատարել»,- ասաց Սեյրան Օհանյանը։

  • Կիսվել: