ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը կդառնար 30 տարեկան

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանը կդառնար 30 տարեկան

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ռուսաստանից վերադառնալով` Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում ու նշանակվել վաշտի հրամանատար՝ առաջին գծում։

2016 թվականի ապրիլին սկսված Քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախի առաջնային գծում։ Ուրֆանյանն իր հրամանատարության ներքո գործող չորրորդ հրաձգային վաշտի անձնակազմի հետ միասին երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի դեմ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվորներ։ Ի վերջո, ազերիների ձեռքը գերի չընկնելու նպատակով՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի 2016 թվականի ապրիլի 6-ի հրամանագրով Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելու, ցուցաբերած արիության համար Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: 2016 թվականի մայիսի 28-ին Արմենակ Ուրֆանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը 2016թ․ ապրիլի 6-ին հուղարկավորվել է Եռաբլուրում։

Դիրքում, որտեղ հերոսաբար ընկել են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը, ի հիշատակ հերոս հայ սպայի և իր զինվորների, 2016թ․ հունիսի 30-ին տեղադրվել է հուշաքար Կարմիրի երկրապահների կամավորական ջոկատի կողմից։

  • Կիսվել: