չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. Դպրոցները չեն գործում. Վայոց ձորի մարզպետ

Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. Դպրոցները չեն գործում. Վայոց ձորի մարզպետ

Ջերմուկ քաղաքում այս օրերին  բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: Այս մասին այսօր Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նրա խոսքով, բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր, ապաստարաններ, մյուս մասը՝ մոտիկ անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են, որպեսզի քաղաքացիները լինեն ապահով: Մենք չենք սպասել, որ պետք է հարվածներ հասցվեն Ջերմուկ քաղաքի քաղաքացիական և այլ ենթակառուցվածքներին,  դրա համար անակնկալի ենք եկել: Ջերմուկի  քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել: Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,-ասաց մարզպետը:

Նա նաեւ ընդգծեց, որ այն հատվածներում, որտեղ Ադրբեջանն առաջխաղացում է ունեցել, բնակիչներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ չկան. Արոտավայրեր եւ այլ տարածքներ են:

«Հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, դադարեցվել են դասընթացները դպրոցներում: Մենք հիմա մտածում ենք այլ միջոցառումներ, որպեսզի այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքն ապահովենք»,-ասաց Արարատ Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին:

  • Կիսվել: