հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ. Թովմասյանը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների մասին

Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ. Թովմասյանը՝ Սոթքի հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների մասին

Թշնամին ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս պահի տվյալներով ունենք մեկ վիրավոր աշխատակից։ Այս մասին հայտնում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

՛՛Իմ շտապ հանձնարարականով ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել Գեղամասարի համայքապետ Հակոբ Ավետյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ մոտ երկու ժամ թշնամին ակտիվ կրակահերթ է բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի մեկ աշխատակից, գտնվելով հորատող մեքենայի մեջ եւ կատարելով իր աշխատանքը, վիրավորվել է։

Այս պահին էլ դեռ կրակոցները շարունակվում են ավելի նվազ ինտենսիվությամբ։

Կապ ենք հասատել նաև Վարդենիսի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից տեղեկացրին, որ վիրավորը այս պահին վիրահատարանում է։

Ադրբեջանի սանձարձակությունը չափեր չի ճանաչում։ ՀՀ քաղաքացին իր պետության սահմաններում գնում է աշխատանքի, և թշնամու սադրանքի արդյունքում վիրավորվում է աշխատանքը խաղաղ կատարելու պայմաններում։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպան քաղաքականության իրագործում։

Հետևում եմ իրավիճակի զարգացմանը և մեր հայրենակցի առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։

Պատրաստում եմ գրություններ միջազգային կառույցներին ադրբեջանական զինուժի հերթական ապօրինության մասին տեղեկացնելու և համապատասխան արձագանք պահանջելու համար։ Սա դատապարտելի և անթույլատրելի է՛՛,-հայտնում է Թովմասյանը։

  • Կիսվել: