չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այս պահի դրությամբ արցախյան քաղաքական դաշտում լարվածություն չեմ տեսնում․ Դավիթ Բաբայան

Այս պահի դրությամբ արցախյան քաղաքական դաշտում լարվածություն չեմ տեսնում․ Դավիթ Բաբայան

Այս պահի դրությամբ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում լարվածություն չեմ տեսնում, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում պնդեց Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը: Իհարկե նշեց նա, քաղաքական դաշտում որոշ ակտիվություն կա, բայց դա օբյեկտիվ երևույթ է՝ նախընտրական ժամանակահատված է:

«Ես վստահ եմ՝ առողջ ուժերը կպահեն այդ սահմանը: Մեկ-երկու պատահականություններ հաշվի չենք առնում», -հավելեց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե արդյոք նրա նշած «մեկ-երկու պատահականությունների» շարքին կարելի է դասել հասարակական գործիչ Ալեքսանդր Քանանյանի հացադուլ-ակցիան ընդդեմ Արցախում ՀԷԿ-երի շահագործման՝ հաշվի առնելով, որ Քանանյանը մեկ այլ թեկնածու Մասիս Մայիլյանի թիմից է, Բաբայանը պատասխանեց. «Ես այլ մարդկանց նկատի ունեի, չեմ ուզում անուններ տալ: Քանանյանը բնապահպանական ակցիա է անում, ես պաշտպանում եմ գաղափարը, բայց ոչ դրսևորման ձևերը: Արցախում բնապահպանական հարցերի նկատմամբ մեծ ուշադրությունը ապագայի խնդիր է»:

Դիտարկմանը, թե կա կարծիք, որ Քանանյանը «սև PR» է իրականացնում Արցախի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի դեմ, Բաբայանը արձագանքեց. «Հարցրեք նրանց: Մեր ուժը նախընտրական քարոզարշավում ներկայացնելու է մեր տեսլականը, բայց երբեք չենք փնովելու այլոց, այսինքն՝ մեր արժանիքները ուժեղացնելով ուրիշներինը չենք նվաստացնելու»: Այդուհանդերձ, մեր մյուս հարցին, թե արդյոք «սև PR»-ի տարրեր տեսնում է Արցախում ընտրություններից առաջ, Բաբայանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ յուրաքանչյուր ուժ իր ռազմավարությունն ունի ու շարժվում է դրանով:

  • Կիսվել: