կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայել կամ գումար վճարել պետական բյուջե․ Հայկ Սարգսյանը հիմնավորեց օրենքի նախագիծը

Այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայել կամ գումար վճարել պետական բյուջե․ Հայկ Սարգսյանը հիմնավորեց օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվելու քրեական պատասխանատվությունից։

Հայկ Սարգսյանն ընդդիմադիրների համար մի քանի հիմնավորում ներկայացրեց, թե ինչու պետք է կողմ քվեարկեն իր նախագծին։

«Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած ու  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, ծառայելով զինված ուժերում կամ գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից։ Եթե քաղաքացին ծառայի 2 տարի, նա որևէ գումար չի վճարի, եթե չցանկանա կամ չկարողանա ծառայել՝ նա ստիպված կլինի վճարել 15 միլիոն դրամ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2004 թվականին ընդունված ու Սերժ Սարգսյանի նախագահությամբ 10 տարիներին գործած այն օրենքի, երբ ծառայությունից խուսափած քաղաքացին վճարում էր ամեն բացակայած զորակոչի համար 100 հազար դրամ՝  ազատվելով պատասխանատվությունից»,- ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ երբ իշխանության էր ներկայիս ընդդիմությունը, այդ ժամանակ չծառայածը վճարում էր 100 հազար դրամ, իսկ  հիմա՝ 15 միլիոն դրամ։

Ըստ նրա՝ այս նախագծով լուծվում է հաշվառման չկանգնած քաղաքացիներին հաշվառման տանելու հարցը։

«Ունենք բազմաթիվ  քաղաքացիներ, ովքեր հաշվառման չեն կանգնում մինչև իրենց 27 տարին լրանալը, հետևաբար, չեն ծառայում։  Հետաքրքիր զուգադիպությամբ՝ նրանք բոլորը ներկայանում ու հաշվառման են վերցվում 27 տարին լրանալուց հետո՝ ազատվելով ծառայությունից»,- նշեց Սարգսյանը։

Հայկ Սարգսյանը հայտարարեց, թե  ներկայում այն անձինք, ովքեր մինչև հավառման վերցվելը հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից ու ՀՀ  քաղաքացիություն են ստանում 27 տարին լրանալուց հետո, չեն ծառայում ու ազատվում են ծառայության պարտավորությունից։ Նաև այն անձիք, ովքեր դիմում ու ստանում են ՀՀ քաղաքացիություն 27 տարին լրանալուց հետո, նույնպես չեն ծառայում։

«Սա անարդար է, օրենքի ընդունմամբ այս խումբ անձինք նույնպես պարտավոր կլինեն ծառայել կամ գումար վճարել պետական բյուջե»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իր այս իմնավորումներին ընդդիմությունը չի կարող բերել որևէ հակափաստարկ։

«Պետության շահն ասում է՝ այս օրենքին կողմ պետք է քվեարկեն բոլոր այն պատգամավորները, ում համար առաջնային է պետական շահը։ Այսպիսով՝ սիրում ես հայենիքդ, կողմ քվեարկիր անգամ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորի այն նախաձեռնությանը, որն ի շահ քո պետության է»,- հավելեց Հայկ Սարգսյանը։

  • Կիսվել: