հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը. Աննա Նաղդալյան

Մենք ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը. Աննա Նաղդալյան

Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել մոտ երկու տասնյակ իր գործընկերների հետ, վարչապետը նույնպես իր մակարդակով իրականացրել է հեռախոսազրույցներ միջազգային գործընկերների հետ: Այս հեռախոսազրույցները պետք չէ ընկալել որպես մեկանգամյա գործողություն, դրանք շարունակական կապ են ամբողջ միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու թե՛ տեղում տիրող իրավիճակը, թե՛ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանի ապակայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու դրա վտանգները:

Այս մասին հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության և կայունության, անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը:

«Բախվելով միջազգային հանրության այդ դիրքորոշմանը, ուժի կիրառումը դատապարտելու առնչությամբ, պաշտոնական Բաքուն սկսեց  դիմել իր ավանդական գործիքակազմին, այն է՝ կեղծ լուրեր տարածել, թե հայկական կողմն է նախաձեռնել որոշակի քայլեր: Նշեմ, որ մենք այս գործիքակազմին առաջին անգամ չէ, որ առերեսվում ենք, սա սովորական երևույթ է»,- հավելեց Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ մենք ունենք փաստական անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: 

«Ադրբեջանը, ըստ էության, ի ցույց է դնում, որ իր բոլոր գործողությունները մինչ օրս ուղղված են եղել նաև ուժի կիրառման գործողությունների քողարկմանը և դրանց համար հող նախապատրաստելուն և մշտապես ունեցել է պատերազմ սկսելու ծրագրեր: Ադրբեջանի այս ագրեսիան Արցախի դեմ ունի երկու առանձնահատկություն, որ կուզենայի առանձնացնել: Դա այն է, որ նախ՝ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, և խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով և երկրորդ՝ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը: Իրապես կարող ենք ասել, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության բոլոր շրջաններում, փուլերում աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, բայց այս անգամ թուրքական աջակցությունը որակական փոփոխություն է կրել և բնութագրվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ»,- հավելեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ տեղեկացնելով, որ ադրբեջանցիների հետ կողք կողքի կռվում են թուրք փորձագետներ: 

Նաղդալյանի խոսքով՝ ունենք տեղեկություններ նաև Թուրքիայի կողմից Մերձավոր Արևելքի որոշակի շրջաններից օտարազգի ահաբեկիչ-զինյալների հավաքագրման և Ադրբեջան տեղափոխման մասին:

«Սրան գումարվում է նաև այն, որ Թուրքիայի ղեկավարությունը լիարժեք քարոզչական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական կողմին: Այս ամենը մեզ թույլ է տալիս պնդելու, որ այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

  • Կիսվել: