Ջերմային 2-րդ աստիճանի այրվածք ստացած ժամկետային զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր: