հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին

Այն, ինչ այսօր կատարվում է, դրական եմ գնահատում. Սեյրան Օհանյանը՝ Հնդկաստանից եւ Ֆրանսիայից զենք գնելու մասին

ՀՀ զինված ուժերում գոյություն ունի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, որով որոշվում է, թե որ երկրից ինչ սպառազինություն ձեռք բերեն: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիային եւ Հնդկաստանից ձեռք բերվող սպառազինությանը:

Նրա խոսքով, ձեռք բերված սպառազինություն ու ռազմական տեխնիկան պետք է շարք կանգնեցնել, ինչը նշանակում է այն գոյություն ունեցող համակարգում պետք է ներդնել. «Այն, ինչի մասին խոսում են, զրահագնացների ձեռքբերումը մեկ նպատակ ունի՝ առաջինը բարձրացնել ԶՈՒ հատկապես հատուկ նշանակության ստորաբաժնումների շարժունակության, մանեւրելու, խուսանավելու մակարդակը եւ բարձրացնել նաեւ անձնակազմի անվտանգության ապահովման խնդիրները»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ռազմական ոլորտում համագործակցությունը Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք ունեցել ենք սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մի քանի ծրագրեր. ՌԴ-ի հետ ունեցել ենք նաեւ զարգացման ծրագիր, որը հնարավորություն է տվել էժան գներով ներմուծելու, համատեղ ձեռնարկություններ ձեւավորելու: Բայց այն ժամանակ էլ մեր պետության հնարավորությունների շրջանակում այլ պետություններից սպառազինություն  ձեռք բերելն արգելված չի եղել: Միգուցե ոչ այդքան մեծ չափի, միգուցե փոքր  տրամաչափի սպառազինության տեսակներ մենք ձեռք ենք բերել նաեւ այլ պետություններից: Ընդ որում, եւ նախկին ԽՍՀՄ երկրներից եւ նաեւ եվրոպական հարթակից, Չինաստանից»:

Նա դրական գնահատեց Ֆրանսիայից եւ Հնդկաստանից սպառազինություն գնելու քայլերը. «Այն, ինչ այսօր կատարվում է, ես դրական եմ գնահատում: Միայն պետք է ԶՈՒ ղեկավարությունը հասկանա այդ սպառազինության նպատակները, դերն ու նշանակությունը, դրանց համադրելը այն համակարգերին, որոնք կան այսօր ԶՈՒ-ում եւ նաեւ առաջնահերթությունները: Որովհետեւ մենք ձեռք ենք բերում սպառազինություն, որոնք իրենց չափերով շատ մեծ են, հանկարծ վաղը խնդիր չառաջանա դրանց խոցման հետ կապված հարցերում: Այսինքն պետք է նաեւ  հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի եւ նաեւ այլ ծառայությունների հետ համադրված աշխատանք կատարվի»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: