կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավելի քան 70 զոհ, 10-յակ գերիներ. մեր բանակի կորուստները նոյեմբերի 9-ի «հրադադարից հետո»

Ավելի քան 70 զոհ, 10-յակ գերիներ. մեր բանակի կորուստները նոյեմբերի 9-ի «հրադադարից հետո»

2020 թ․ նոյեմբերի 9-ին ստարգրված հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց մինչ օրս հայկական բանակում գրանցվել է ավելի քան 72 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահվան դեպք։ Այս դեպքերից առնվազն 27-ը մարտական կորուստներ են, հակառակորդի կողմից կրակ բացելու հետևանք։

Ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության՝ ոչ միայն խաղաղություն պետք է լիներ սահմանին, այլև ադրբեջանական կողմը պետք է վերադարձներ հայ ռազմագերիներն, սակայն ինչպես առաջին դեպքում, այնպես էլ ռազմագերիների հարցով Ադրբեջանը չի կատարել պայմանավորվածությունը, ավելին՝ շարունակել է նոր գերիներ վերցնել։

«Razminfo»-ն գերիների և անհայտ կորածների թվային տվյալների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը գերեվարել է առնվազն 85 քաղաքացու։ 

Նոյեմբերի 10-ից հետո գերեվարված առնվազն 30 անձ է վերադարձվել Հայաստան, որից 15-ը ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։

Նույն ժամանակահատվածում անհետ կորել է 3 զինծառայող։ Նրանցից մեկը՝ ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը, մայիսի 18-ին ինքնակամ լքել էր Վարդենիսի զորամասը։ Նրան գտնելու մասին տեղեկություն դեռևս չկա։ Հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճի հատվածում կորել էր կապը զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Մինչ օրս նրանք չեն հայտնաբերվել, ՊՆ-ն չի բացառել նրանց գերեվարումը ադրբեջանցիների կողմից։ Զինծառայողները եղել են առանց զենքի։

Վերջին օրերին մարտական կորուստներ են գրանցվել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում։ Մասնավորապես հակառակորդը մի քանի անգամ առաջխաղացման փորձեր է ձեռնարկել և արդեն մի քանի օր է՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակում է ոչ միայն հայկական դիրքերի, այլև գյուղերի ուղղությամբ։ 

Միայն այս շաբաթ հայկական կողմը հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ունեցել է 2 զոհ․ նրանք են՝ 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը և ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը:

  • Կիսվել: