ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ, զրահապատ մեքենաներ․ փոխնախարարը ներկայացրել է անցնող տարում ՀՀ ԶՈՒ սպառազինության համալրումները

ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ, զրահապատ մեքենաներ․ փոխնախարարը ներկայացրել է անցնող տարում ՀՀ ԶՈՒ սպառազինության համալրումները

«ՀՀ զինված ուժերը նախորդ տարի համալրվել են ուղղաթիռներով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային միջոցներով, զրահապահ մեքենաներով և այլն»,- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցը։ 

Սարգսյանը խոսեց սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման շրջանակներում ԶՈՒ համալրումների մասին՝ առանց թվաքանակ նշելու:

Սարգսյանը, մասնավորապես, նշեց․ «ԶՈՒ-ն համալրվել է ուղղաթիռներով, ԱԹՍ-ներով, հրթիռահրետանային, հակատանկային, հրետանային կապի, ինժեներական, հրաձգային, ռազմատեղեկագրական միջոցներով, զրահապատ մեքենաներով, ավտոմոբիլային տեխնիկայով և այլն: Համալրումը կատարվում է կազմ-կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առկա կարիքների հաշվարկով, ընդ որում մատակարարումների մի մասը նախատեսվում է իրականացնել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների միջոցով»։ 

Փոխնախարարի խոսքով, ԶՈՒ 2022-20244 թթ կարիքների ապահովման նպատակով ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպությունների հետ կնքվել են հակաօդային պաշտպանության, հրթիռահրետանային, կապի, ռազմատեղեկագրական և այլ միջոցների ձեռքբերման, նորոգման, տեխնիկական սպասարկման, ռեգլամենտային աշխատանքների կատարման պայմանագրեր:

Ռազմական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովման, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած նոր բնագծերն ուսումնասիրելու, մարտական դիրքերը կահավորելու, զինծառայողներին ժամանակավոր կացարանով և դրանք ջեռուցմամբ ապահովելու, զորամասերի նոր մշտական տեղակայման վայրերի ընտրության, ինչպես նաև հրատապ լուծում պահանջող շինարարական աշխատանքների հնարավորությունները հստակեցնելու նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ նոր բնագծերում և մշտական տեղակայման վայրերում:

  • Կիսվել: