հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձն էականորեն կբարձրանա. որոշում

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձն էականորեն կբարձրանա. որոշում

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել համապատասխան որոշումներում և սահմանել Պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման, արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա՝ հավելավճարների նոր չափեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ համաձայն կատարված փոփոխությունների՝ «ատեստավորման արդյունքներով ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական:

«Ատեստավորման արդյունքներով ենթակա է հաշվարկվելու հավելավճար կամ ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողն ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ըստ այդմ՝ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանց»-ի դեպքում սահմանել 470 000 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 000 ՀՀ դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395 000 ՀՀ դրամ, «լավ»՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»՝ 205 000 ՀՀ դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով հետևյալը.

«Հարգելի գործընկերներ, ձեր ներկայությամբ և Կառավարության նիստերի ընթացքում ես խնդիր եմ ձևակերպել, որ Զինված ուժերում՝ բանակում, ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է առնվազն կրկնապատկվեն: Դրանից հետո մենք ի՞նչ արեցինք՝ սահմանեցինք ատեստավորման չափանիշ և ասացինք՝ այս չափանիշն ով գերազանցում է, նրա աշխատավարձը կկրկնապատկվի:

Գիտեք, որ վերջին ամիսներին տեղի են ունենում ատեստավորման գործընթացի նախապատրաստություններ, և այս ընթացքում նաև մեր զինվորականների հետ ակտիվ հաղորդակցության մեջ ենք: Պաշտպանության նախարարն անընդհատ զորամասեր է այցելում, շփվում է զինվորականների հետ, ես էլ եմ առիթներ ունենում: Մենք հետևյալ արձագանքն էինք ստանում. ասում էին՝ շատ լավ, հասկանալի է, որ այս գերազանց նշաձողը սահմանել եք, և եթե մենք, օրինակ, այս նշաձողին շատ մոտիկ ենք, բայց դեռևս չենք անցնում այն, ստացվում է, որ մեր աշխատավարձը ոչ մի փոփոխություն չի կրելու, և մենք ունենալու ենք՝ բարձրացավ, կրկնապատկվեց աշխատավարձը կամ ոչ մի բան տեղի չունեցավ:

Այս քննարկումների, նաև մեր զինվորականների հետ շփումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի վերափոխենք: «Գերազանց»-ի դեպքում մենք կունենանք աշխատավարձի առնվազն կրկնապատկում՝ ինչո՞ւ եմ ասում առնվազն, որովհետև տարբեր կատեգորիաների հետ կապված կրկնապատիկից ավելի նույնիսկ կավելանա: Կունենանք նաև «լավ» և «բավարար» գնահատում: Ինչպես արդեն նախարարը նշեց, օրինակ, սպայական կազմի համար «գերազանց»-ի դեպքում աշխատավարձը կավելանա 470 000 ՀՀ դրամով՝ հարկերը ներառյալ: Սա նշանակում է՝ եթե իրենք առանց հարկերի, օրինակ, ստանում են 350 000 ՀՀ դրամ, ուրեմն ատեստավորումից հետո կստանան 700 000 ՀՀ դրամ, եթե ստանում են 400 000 ՀՀ դրամ, կստանան 800 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ նախկինում մենք միայն այս կետն ունեինք, բայց հիմա ավելացնում ենք ևս երկու կետ՝ «լավ»-ի դեպքում աշխատավարձը կբարձրանա 420 000 ՀՀ դրամով, որը կրկին համարյա շատ մոտ է կրկնապատիկին և «բավարար»-ի դեպքում եղած աշխատավարձը կավելանա 230 000 ՀՀ դրամով: Ուղղակի խնդրում եմ հաշվի առնել, որ այս թվերը հարկերը ներառյալ են, և հարկերը պետք է հանել՝ մաքուր աշխատավարձը հաշվարկելու համար: Մյուս կազմերի համար համապատասխանաբար՝ 395 000 ՀՀ դրամ կավելանա «գերազանց»-ի դեպքում, «լավ»-ի դեպքում՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 205 000 ՀՀ դրամ: Կարծում եմ՝ այս ճկունությունը ճիշտ տարբերակ է, որպեսզի մարդիկ այս փուլում իրենց արդյունքների համար, այնուամենայնիվ, ստանան հավելումներ, և հաջորդ փուլերում արդեն կարող են իրենք էլ հայտ ներկայացնել՝ ավելի բարձր որակավորում ստանալու համար և այդպես շարունակ»:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել առ այն, թե որոշ դեպքերում որքան կկազմի մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի. օրինակ, շարքային կազմը, ատեստավորման արդյունքում «բավարար» գնահատական ստանալու պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 910 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 430 910 ՀՀ դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 910 ՀՀ դրամ, իսկ, օրինակ, գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 760 ՀՀ դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 923 260 ՀՀ դրամ:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ բանակի փորձը հաշվի առնելով՝ եռաստիճան համակարգեր կիրառելու հեռանկարը կդիտարկվի մյուս մարմիններում ևս՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, քանի որ ընդհանուր մոտեցումը սա է: «Նաև պետք է արձանագրենք՝ այս որոշումները բանակում որոշակի աշխուժություն են մտցրել, և մարդիկ ակտիվ պատրաստվում են ատեստավորման, ինչը նշանակում է, որ մարտական պատրաստության ավելի ինտենսիվ գործընթաց է տեղի ունենում, ինչը շատ կարևոր է: Եվ, իհարկե, պայմանագրային զինծառայության գրավչությունը սրանով էականորեն կմեծանա», – հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: