երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ. Փաշինյան

Աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ. Փաշինյան

Այսօր աշխատում ենք սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման մեր հնարավորությունները դիվերսիֆիկացնել և այդ ուղղությամբ գնալու ենք առաջ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, պատասխանելով Հնդկաստանից զենք ձեռք բերելու վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե որևէ արդյունքի մասին հայտարարելու անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն կլինի, համոզված եղեք՝ դրա մասին կհայտարարենք»,- նշեց վարչապետը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք լուծվե՞լ է Ռուսաստանից արված փոխանցումների դիմաց զենքի ստացման հարցը, Փաշինյանն ասաց. «Մեր քննարկումները շարունակվում են. ո՛չ, ցավոք մինչև օրս չի լուծվում»։

Խոսելով բանակի բարեփոխումների մասին՝ վարչապետն ասաց, որ բարեփոխումների ամենաանկյունաքարային պատկերացումները բարձրաձայնվել են. առաջինը զինվորական ծառայության գրավչության բարձրացումն է:

«Հիմա, օրինակ, մյուս տարվանից մենք մեկնարկում ենք բանակում ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողների աշխատավարձն առնվազն կրկնապատկվելու է։ Մենք խոսում ենք զինվորական կրթության մասին. արդեն որոշում ենք կայացրել, որ ռազմական կրթության համալսարան ընդունվողները ավարտելուց և իրենց ծառայության վայրում ընդունվելուց հետո կստանան բնակարան, որը նրանք օտարելու հնարավորություն չեն ունենա մինչև իրենց ծառայության պայմանագրի ավարտը, որից հետո դա որպես սեփականություն կփոխանցվի այդ ծառայողներին։ Մենք էական աշխատանք ենք անում ԶՈՒ-ում կանանց ներգրավվածությունն ընդլայնելու ուղղությամբ: Մենք ասել ենք, որ գնում ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել ենք, որ առաջիկայում կընդունենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ժամկետային զինծառայողներին հնարավորություն կտա 6 ամիս հետո անցնել պայմանագրային ծառայության և բարձրացված աշխատավարձերից ստանալ և այդ սկզբունքով ծառայել առնվազն 5 տարի։ Սրանք շատ խորքային և բովանդակային փոփոխություններ են»,- ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: