կիրակի, սեպտեմբեր 27
27 / 9 / 2020
Արտակ Դավթյանն այցելել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

Արտակ Դավթյանն այցելել է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, տեղեկացնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը:

Կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ:

Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈՒ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն գտնվում են փորձարկումների փուլում, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:

Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրողների համար:

  • Կիսվել: