երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առողջական խնդիրներ ունեցող և գիտությունների թեկնածու հանդիսացող անձինք չեն մասնակցի վարժական հավաքներին. Ավթանդիլյան

Առողջական խնդիրներ ունեցող և գիտությունների թեկնածու հանդիսացող անձինք չեն մասնակցի վարժական հավաքներին. Ավթանդիլյան

Օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին մասնակցելու են ենթակա շարքային և ենթասպայական կազմի մինչև 53 տարեկան, սպայական կազմից՝ մինչև 55 տարեկան պահեստազորայինները: Այս մասինայսօր հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ ԶՈւ Զորակոչային և զորահավաքային ծառայության պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը:

Նա նշեց, որ վարժական հավաքներին մասնակցելու պարտավորությունը չի տարածվում այն քաղաքացիների վրա, որոնք առողջական խնդիրներ ունենալու հիմքով ազատված են զինվորական ծառայությունից:

Ավթանդիլյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Ընտանիքի կազմում փոփոխություն լինելու՝ 4 և ավելի երեխա ունենալու դեպքում, 7-օրյա ժամկետում քաղաքացիները պարտավոր են տեղեկանք ներկայացնել իրենց տարածքային զինկոմիսարիատներ, որպեսզի մենք իմանանք իր ընտանեկան վիճակը:

Առողջական խնդիր ունեցող պահեստազորայինները պարտավոր են առողջական վիճակի փոփոխման դեպքում տեղեկանք ներկայացնել զինկոմիսարիատ, որի հիման վրա բժշկական հետազոտության են ուղարկվելու, ապա զինկոմիսարիատի բուժանձնակազմը որոշելու է նրա պիտանելիությունը զինծառայության համար: Ովքեր կլինեն պիտանի, կզորակոչվեն վարժական հավաքներին:

ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց նաեւ, որ զորահավաքներին մասնակցելու պարտավորություն ունեն առաջին կարգում հաշվառված քաղաքացիները, որոնք ծառայել են բանակում և համարվում են պահեստազորային:

՛՛Կան գիտությունների թեկնածուներ, որոնք օրենքով սահմանված կարգով ազատված են զինվորական ծառայությունից: Նրանք առաջին կարգին չեն դասվում, իսկ ռազմական ամբիոն ավարտած սպաները ենթակա են վարժական հավաքներին մասնակցելու՛՛,-ասաց նա:

Ինչպես հիշեցրեց Ավթանդիլյանը՝ վարժական հավաքի մասնակիցներն ունենալու են զինծառայողին հավասարեցված կարգավիճակ, և, համապատասխան իրենց զինվորական կոչումներին, վարձատրվելու են. դասակի հրամանատարները՝ մոտ 180 հազար դրամ, կրտսեր ենթասպայական և շարքային անձնակազմից զորակոչվողները՝ շուրջ 148 հազար դրամ, գումարտակի հրամանատարները՝ ավելի քան 385 հազար դրամ:

Եթե, ըստ անհրաժեշտության, զորակոչված պահեստազորայինները մասնակցեն նաև մարտական հերթապահության, ապա նրանց աշխատավարձերը կարող են աճել 50-70 հազար դրամի չափով:

 

  • Կիսվել: