հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Առավոտ». Ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը

«Առավոտ». Ինչո՞ւ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը

«Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը – Ըստ որոշ վերլուծությունների, հայկական սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին սադրանքը առավելապես քաղաքական բնույթ ունի, քան ռազմական: Եթե հարցին այդ համատեքստից անդրադառնանք՝ Ձեր կարծիքով ի՞նչ քաղաքական հնարավորություններ ունեն Հայաստանը եւ Ադրբեջանը՝ նկատի ունենալով նաեւ այս միջադեպի առիթով միջազգային արձագանքը, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի խիստ կրավորական կեցվածքը:  – Ես կարծում եմ, որ Հայաստանի սահմանների նկատմամբ հարձակումները առաջին հերթին արդյունք են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի, որի պարագայում սահմանի որեւէ ուղղությամբ պետք է պայթյուն լիներ: Այս դեպքում, սա եղավ Տավուշում: Ցանկացած գործընթաց ունի իր քաղաքական, ռազմական բաղադրիչը: Ես նկատում եմ, որ որոշ դեպքերում փորձ է արվում տավուշյան իրադարձություններին աշխարհաքաղաքական երանգ փոխանցել՝ կապված ադրբեջանական նավթագազային ենթակառուցվածքների գործոնով: Միանգամից ասեմ, որ եթե Հայաստանը խնդիր ունենա թիրախավորել այդ ենթակառուցվածքները, ապա այդ դիրքային բարելավումները չեն, որ մեզ գործելու հնարավորություն են տալու:


ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, մեղմ ասած, չերեւաց՝ ոչ Ադրբեջանից հնչող սպառնալիքների փուլում, ոչ ռազմական գործողությունների օրերին, ոչ էլ ,ցավոք, հիմա: Ոչ հայտարարություններով, ոչ իրականացված քայլերով, ցավոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գործուն ջանքեր չի գործադրում հետագա էսկալացիան թույլ չտալու եւ իրադարձությունները կրկին դիվանագիտական հարթություն վերադարձնելու ուղղությամբ: – Մինսկի խմբի նման կեցվածքը ինչո՞վ է պայմանավորված: Արդյոք սա նշանակում է, որ հարցի լուծումն այլեւս բացառապես ռազմական հարթությունում է: – Դժվարանում եմ պատասխանել, թե ինչո՞վ է պայմանավորված Մինսկի խմբի այս պահվածքը: Ամեն դեպքում, ցանկացած ամենաբարդ խնդիր էլ ունի քաղաքական լուծում: Եվ պետք է անել հնարավորը՝ այս զարգացումները քաղաքական հարթություն վերադարձնելու համար: – Շատ քննարկվեց նաեւ ՀԱՊԿ-ի, ինչ-որ առումով, բավական ուշացած դիրքորոշումը: Պաշտոնական Երեւանը համարում է, որ ՀԱՊԿ-ի արձանագրումներն այս փուլում միանգամայն ձեռնտու են մեր շահերին, մինչդեռ, այդ թվում նաեւ ռուսական քաղաքական շրջանակներից հայտարարություններ հնչեցին, որ ՀԱՊԿ-ն այս անգամ չկարողացավ նույնիսկ կոնսուլտացիաներ անցկացնել, իր անդամ Հայաստանին աջակցող հայտարարություն մշակել, նույնիսկ հռետորական ու քաղաքական իմաստով չկարողացավ իր անդամ Հայաստանին աջակցող որեւէ բան ասել, քանի որ բացի Ռուսաստանից, ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանին դեմ են: Որոշ վերլուծաբանների կարծիքով, այդ իրավիճակը ՀԱՊԿ-ում Նիկոլ Փաշինյանի իշխանության «ձեռքբերումն» է, քանի որ Հայաստանն արեց ամեն ինչ, որ ՀԱՊԿ-ը դադարի գոնե մի քիչ սպասարկել Հայաստանի շահերը՝ այդ կառույցից հեռացնելով մեր ներկայացուցչին: Մյուս կողմից, Հայաստանի համար ամենակարեւոր պայմանը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայությունն է եւ ռազմատեխնիկական աջակցության իմաստով Ռուսաստանն իր խնդիրը կատարում է: Ձեր կարծիքով՝ ազդեցիկության ի՞նչ աստիճան ուներ ՀԱՊԿ-ի հայտարարությունը եւ նշված հանգամանքները որքանո՞վ են ազդել ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի վրա: – Միջազգային արձագանքների առումով պետք է փնտրել նաեւ մեր կողմից արվածն ու չարվածը: Ցանկացած երկրի, կառույցի հետ հարաբերությունների հաստատումը, բարելավումը եւ անհրաժեշտ սպասելիքների ձեւավորումը պետք է հիմնված լինեն այդ սուբյեկտների հետ ամենօրյա աշխատանքի վրա: Այն, ինչ հաջողություններ, առավելություններ արձանագրում ենք ռազմական գործողությունների միջոցով, քաղաքական իշխանությունն այդ արձանագրումը պետք է կարողանա տեղափոխի դիվանագիտական հարթություն: ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շատ բազմաշերտ են, այդ կառույցի հետ արդյունավետ աշխատանքը պետք է կառուցվի նախեւառաջ դրա անդամ պետությունների հետ աշխատանքով եւ սպասելիքների չարդարացումը պետք է առաջին հերթին կապել այդ երկրների հետ ոչ բավարար կամ ոչ արդյունավետ աշխատանքով: Չեմ ուզում ասել, որ դա շատ հեշտ է, բայց պետք է գործել: ՀԱՊԿ-ի՝ այս իրավիճակում գործելու առումով, պետք է նշել, որ Հայաստանը առկա ընթացակարգերով չի էլ դիմել այդ կառույցին: Կառույցում տարածվեց ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի հայտարարությունը, որն իրազեկման բնույթ ուներ, սակայն կառույցի միջամտության առումով ՀՀ-ն պաշտոնապես չի էլ դիմել: ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել գործելու, համագործակցելու եւ ինչու չէ՝ Ադրբեջանի սպառնալիքները չեզոքացնելու տարբեր գործընթացների համատեքստում, եւ յուրաքանչյուր անդամ պետության համառ աշխատանքից է կախված, թե այդ կառույցն ինչպե՞ ս կծառայի իր շահերին: Միջազգային արձագանքների առումով, նկատելի չէր համանախագահ երկրներից ԱՄՆ-ի ակտիվությունը, ՆԱՏՕ-ի արձագանքը: Ինչո՞ ւ եմ սա ասում, որովհետեւ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սպառնում էր ուղիղ միջամտություն ունենալ ծավալվող իրադարձություններում: Արդյո՞ք ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին չի անհանգստացնում Թուրքիայի հարեւանությամբ ապրող մեր այն քաղաքացիների վերաբերմունքը, որոնք ԱՄՆ-ին ընդունում են բարեկամ երկիր, սակայն ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը սպառնում է իրենց անվտանգության, իսկ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որեւէ քայլ չեն ձեռնարկում ստանձնելու իրենց դաշնակցի ագրեսիվ պահվածքը: – Ի դեպ, շատերն ուղիղ կապ են տեսնում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Հայաստանի համար զենքի այլ մատակարարներ փնտրելու եւ Ադրբեջանի հարձակման մեջ: Արձանագրումներ եղան, որ տավուշյան իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական բանակը պաշտպանում է Հայաստանի «մենակությունը»: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը: – Չեմ կարծում, թե դա է Տավուշում ծավալված մարտական գործողությունների առիթը կամ պատճառը: Զինված ուժերը իրենց խնդիրը բարձր մակարդակով կատարել են եւ եթե իրադարձությունների ընթացիկ կամ հետագա  զարգացումներում խնդիրներ են առկա, ապա դա պետք է փնտրել քաղաքական իշխանության արվածի կամ չարվածի մեջ: – ՌԴ-ում նաեւ քննադատությունների տեղիք տվեց եւ միանշանակ չընկալվեց վերջին շաբաթվա սահմանային սրացումների ֆոնին՝ ՌԴ-ից ի սատարումն ՀՀ-ի ակնկալիքները, իբրեւ ռազմավարական գործընկերոջ: Նկատի ունենալով բոլոր այն իրադարձությունները, որոնք հետհեղափոխական շրջանում հայ-ռուսական հարաբերությունների լարվածության տեղիք տվեցին, Ձեր կարծիքով՝ արդարացվա՞ծ են հայկական ակնկալիքները կամ ինչո՞ւ այդ առիթով ՌԴ-ում հնչած քննադատությունները Հայաստանում հուզումների տեղիք տվեցին: – ՌԴ-ն օպերատիվ արձագանքելուց բացի, պաշտոնական հայտարարությունում նշեց իր միջնորդական դերի մասին, այդ երկրում անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց, որտեղ քննարկման առարկա էր նաեւ Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները: Որքան էլ հերքվեց, հասկանալի էր, որ ՌԴ-ում մեկնարկած զորավարժությունները, ՌԴ պաշտոնական հայտարարություններում երրորդ երկրների չմիջամտության վերաբերյալ ձեւակերպումները պատահական չէին եւ առաջին հերթին ուղղված էին Թուրքիայի գերակտիվությանը: Այսինքն՝ այս պարագայում, իր հայտարարություններով ՌԴ-ն փորձեց կանխել Թուրքիայի ակտիվությունը՝ չեզոքացնելու տարածաշրջանում Թուրքիայի առաջ բերած նոր սպառնալիքները: Կարծում եմ՝ կուլիսների հետեւում ՌԴ-ն ակտիվ ներգրավված է իրավիճակի քաղաքական լուծումների փնտրտուքում: Այն, որ վերջին 2 տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, դա հարցի երկրորդ կողմն է: Դա դրսեւորվել է ինչպես տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների վրա, այնպես էլ՝ պարզորոշ նկատելի է ՌԴ տարբեր շրջանակներից հնչող հայտարարություններից: Ռուսաստանը ծանրակշիռ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում եւ նրա հետ պետք է ապահովել դեռ երկու տասնամյակ առաջ հաստատված ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների տրամաբանությանը հարիր համագործակցություն: – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հայտարարություններից մեկում անդրադարձավ սահմանին վերահսկող մեխանիզմների ներդրման հարցին եւ շատերը հիշեցին, որ այդ օրակարգը տապալվեց հենց հետհեղափոխական իշխանության ձեռամբ: Ինչո՞ւ է հարցը կրկին առաջնահերթ: – Հետաքննության մեխանիզմի ներդրումը առաջնային օրակարգ էր եկել 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո, երբ Ադրբեջանը Վիեննայում ստիպված եղավ ընդունել առաջադրված պայմանները: Այն վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում, ապա իր որոշակի զարգացումը ստացավ հետագայում Ցյուրիխում տեղի ունեցած հանդիպմանը: Ցավոք, 2018 թվականի հայաստանյան հայտնի իրադարձություններից հետո այն որոշ ժամանակ երկրորդային պլան մղվեց, ապա նկատվեց ՀՀ ջանքերը դրանք կրկին օրակարգ հետ բերելու ուղղությամբ: Ցավոք, մինչեւ տավուշյան իրադարձությունները դրանք կյանքի չկոչվեցին, ինչը հնարավորություն տվեց Ադրբեջանին եւս մեկ հարձակում գործելու՝ այս անգամ Տավուշի ուղղությամբ: Հարցն այն չէ, որ այս մեխանիզմների ներդրումը մեզ երաշխավորված անվտանգություն է խոստանում, սրա ներդրումը քայլ է՝ նվազեցնելու սահմանային միջադեպերն ու գործողությունները եւ այս ուղղությամբ դեռեւս մեծ աշխատանքներ պետք է իրականացնել:



  • Կիսվել: