ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած՝ ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Ըստ նախագծի՝ ծնողներ, կին կամ զավակներ չունեցող՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված  զինծառայողների ֆինանսական հատուցումը, որը նախատեսված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից, հավասարաչափ պետք է բաշխվի զինծառայողի հարազատ եղբոր և քրոջ  միջև: Եթե կան եղբայրներ կամ քույրեր, այս դեպքում  նույնպես հատուցումը պետք է տեղի ունենա հավասարաչափ:

«Առաջարկել եմ օրենքում կատարել լրացում, որպեսզի շահառու համարվի նաև զոհված զինծառայողի հետ փաստական ամուսնության մեջ գտնվող անձը, որը զոհված զինծառայողի հետ ունի համատեղ զավակ»,- ասաց Հայկ Սարգսյանը: 

Պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջարկեց ցանկում ներառել նաև այն կանանց, ովքեր փաստական ամուսնության մեջ են գտնվել զինծառայողի հետ, սակայն չեն հասցրել երեխա ունենալ: 

Հայկ Սարգսյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մերժել է առաջարկը:

«Առաջարկվեց այդ կետը հանել. հիմնավորումն այն է, որ շատ դժվար է լինելու տարանջատել՝ կինն իրականում եղե՞լ է փաստական ամուսնության մեջ, թե՞ ոչ»,- ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: