ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը

Ազգային ժողովի նիստում այսօր՝ մայիսի 23-ին, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների անընդհատ կրթության համար բարելավել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման վարչարարությունը:

Նախարարը հայտնել է, որ մեր երկրում պարտադիր է 12-ամյա հանրակրթությունը, որը կարող է իրականացվել դպրոցներում կամ 9-րդ դասարանից հետո՝ նաև նախնական կամ միջին մասնագիտական հաստատություններում: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով նախատեսված է, որ մինչև 19 տարեկան լրանալն այն սովորողները, որոնք դեռևս չեն ավարտել իրենց ուսումնառությունը, ավտոմատ կերպով օգտվում են տարկետման իրավունքից: Նրա խոսքով՝ առկա են դեպքեր, երբ որոշ հանգամանքներից ելնելով՝ 19 տարեկան լրանալուց հետո սովորողը դեռևս չի ավարտել իր ուսումնառությունը: Այս պարագայում ևս նրանք կարողանում են առանց ընդհատման շարունակել իրենց կրթությունը, հետո նոր անցնել պարտադիր զինվորական ծառայության:

«Սակայն գործող օրենքն ունի որոշ անհարթություններ, որոնք առաջ են բերում խնդիրներ: Մասնավորապես՝ օրենքով սահմանափակված են այն հիմքերը, որոնք կարող են կիրառվել 19 տարեկան լրացած սովորողի՝ անընդհատ կրթության իրավունքի պահպանման տեսանկյունից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել տարբեր հիմքերով՝ առողջական վիճակը, ընտանեկան պայմանները և այլն: Եվ բոլոր  այն դեպքերում, երբ տարկետումն ունեցել է այլ հիմք, քան սովորելը, առաջացել են անհարթություններ և խնդիրներ: Հետևաբար, առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել են օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում անընդհատ կրթության հնարավորությունը, ինչպես նաև ավելի հստակ է դարձել առանց ընդհատման բառերի ավելացմամբ այս իրավունքի պահպանումը»,- ընդգծել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ փոփոխությունն էապես կհեշտացնի վարչարարությունը և կբարելավի բազմաթիվ մարդկանց՝ սովորելու և այդ ընթացքում տարկետումից անխափան կերպով օգտվելու հնարավորությունը:

Ըստ նախարարի՝ քանի որ արդեն ամառային զորակոչի ընթացքում նշյալ կարգավորման կիրառման կարիք կա, առաջարկվել է նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով:

Զեկույցից հետո նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հակոբ Ասլանյանը նշել է, որ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ վստահեցնելով, որ առաջարկվող փոփոխություններով ավելի պաշտպանված կլինի սովորողների կրթության իրավունքը:

  • Կիսվել: