երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջարկվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

Առաջարկվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:

«Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության» առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար պատվովճար սահմանելու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է  սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման՝ օրենքով սահմանված կարգով: Դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը:

«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մաս»,- հայտնեց պաշտպանության նախարարը:

Ծրագրի ներդրմամբ՝ նախատեսվում է դադարեցնել ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում է ընդամենը 2 զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին:

«Այդ նպատակով սահմանվում են նաև անցումային դրույթներ «Ես եմ» ծրագրով ծառայություն անցած զինծառայողները, ինչպես նաև 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին ծրագրով նախատեսված պատվովճարի գումարի 5 միլիոն դրամ հատկացման և ազատ տնօրինման վերաբերյալ՝ առանց կառավարության կողմից սահմանված ուղղությունների, այն է՝ ուսման վարձի փոխհատուցման, բնակարանի հիփոթեքային վարկավորման ուղղելու, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու ուղղություններ»,- ասաց Պապիկյանը:

  • Կիսվել: