Անվտանգության ապահովման համար պիտի կիրառենք մի քանի գործիք, մեկը պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է. Փաշինյան
Մեր արտաքին անվտանգության ապահովումն ամենամեծ մարտահրավերն է: Այս մասին այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ իր ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այդ խնդրի լուծման մի քանի գործիք պետք է կիրառենք. առաջինը մեր դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը, երկրորդը մեր զինված ուժերի բարեփոխումն է՝ Հայաստանում ստեղծելով իրոք պրոֆեսիոնալ բանակ: Խնդրում եմ պրոֆեսիոնալ բանակը չշփոթենք պայմանագրային բանակի հետ:
Պայմանագրայինը ամիսը 14-15 օր տաքսի է վարում կամ գյուղատնտեսությամբ է զբաղվում, մնացած 15 օրը գնում է մարտական հերթապահության, իսկ պրոֆեսիոնալ բանակը տարբերվում է նրանով, որ ամսվա մեջ 30 օր, շաբաթվա մեջ 7 օր, օրական 24 ժամ զինվոր է: Ինքը ունի միայն մի խնդիր՝ իր մարտական պատրաստության աստիճանը բարձրացնելը: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Սա ծրագիր է, որ շատ բարդ է, բայց նաեւ պետք չի հրապարակային շատ քննարկել՛՛:
Անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է նաեւ, ըստ Փաշինյանի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. ՛՛Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա ստորագրած բոլոր կողմերն իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք իրականացնեն:
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ բացի այն, որ մեզ դառնություն է պատճառել, կա մտահոգությունների տեղիք տվող մի կետ: Խոսքը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է: ՀՀ կառավարությունը միջանցքային տրամաբանության որեւէ հարց չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դրույթը, կարդացեք հյունվարի 11-ի Մոսկվայի հայտարարությունը՛՛:
Փաշինյանն ընթերցեց 1999 թվականին Մեղրի այցելության ժամանակ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի խոսքից մի հատված. ՛՛Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ։ Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա․․․ Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող։
Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ, սուտ է։ Մեծ, համաշխարհային սուտ։ Նախ՝ չեն տա, հազար ու մի ձև կա չտալու։ Ղարաբաղը՝ ապացույց, որ հողը գրիչով չեն վերցնում․․․ Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երեւանի կենտրոնում՛՛։
Վազգեն Սարգսյանի այս խոսքերը եղել են եւ շարունակում են մնալ ուղենիշ ինձ համար, մեր թիմի հանցամ եւ համոզված եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար՛՛: