ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները. Բաբայան

Անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները. Բաբայան

Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 28-րդ տարեդարձը։
Կազմավորվելով դժվարին պայմաններում՝ հայկական բանակը պատվով հաղթահարեց ծանրագույն փորձությունները․ հաղթեց պարտադրված պատերազմում ու ծնկի բերեց հակառակորդին՝ պարտադրելով զինադադար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել «Միասնական Հայրենիք»  կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։

Նա նշել է, որ մենք այսօր ունենք հաղթանակած և կայացած բանակ՝ շնորհիվ մեր նվիրյալների:

Բաբայանը, մասնավորապես, գրել է. «Ես խոնարհվում եմ այն վեց հազար զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց արյունով վերագծեցին տասներկու հազար քառակուսի կիլոմետր տարածքով մեր սահմանները։ Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց առջև:


Ուստի անթույլատրելի եմ համարում աննախադեպ չափերի հասնող մարդկային ներուժի այսօրվա կորուստները։ Այլևս չպետք է թույլ տանք, որ շարունակվեն զոհվել մեր զինվորներն ու սպաները, որ ծնողները բանակից իրենց որդիների վերադարձը հրաշք համարեն: Եվ այսօր առաջնահերթ խնդիր եմ համարում բանակի անհապաղ վերազինումը ժամանակակից զինատեսակներով։ Խնդիր, որի մասին բազմիցս եմ արտահայտվել։ Ներկայում տեխնոլոգիաների և ուղեղների պատերազմ է, և պիտի անել ամեն բան, որպեսզի հաղթենք նաև այս պատերազմում։

Սիրելի´ հայրենակիցներ,

ես հավատում եմ, որ մենք հասկանում ենք պահի լրջությունը և ճիշտ ընտրության արդյունքում մարտունակ բանակ ունենալու այսօրվա բարեմաղթանքների փոխարեն մեկ տարի անց միմյանց կշնորհավորենք մարտունակ և անխոցելի բանակ ունենալու կապակցությամբ։

Շնորհավորում եմ հայկական բանակի և հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, մաղթում եմ միասնություն և ուժ՝ ի շահ միասնական հայրենիքի»։

  • Կիսվել: