Անհետ կորած զինծառայողների հարազատները բացեցին ՊՆ մուտքը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ անհետ կորած զինծառայողների , գերիների հարազատների եւ Գլխավոր շտաբի պետի ու ՊՆ այլ ներկայացուցիչների հանդիպումը քիչ առաջ ավարտվեց։
Նշենք, որ ավելի քան 4 ժամ տեւած հանդիպումից հետո ՊՆ շենքից դուրս եկած քաղաքացիները լրագրողների հետ զրույցում ասացին, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից։
Արդեն հայտնել ենք, որ լրագրողների հետ զրույցում նրանցից մեկն ասաց. ՛՛Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, առավել եւս ԳՇ պետը։ Նա ասում է, որ իր իրավասությունների մեջ չի մտնում, որ հնարավոր է ինչ–որ հարցի լուծում գտնել։ Ակնկալիք չկա իրենցից, ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց աշխատանքը չհասկացանք, թե որն էր՛՛:
Նշենք, որ, այնուամենայնիվ, անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատները բացել են երեկվանից փակ պահած ՊՆ շենքի մուտքի դարպասը։
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակ էին պահում ՊՆ շենքի մուտքը։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, սակայն նրանց հետ որեւէ մեկը չէր հանդիպել։
Երեկ երեկոյան նրանց էին միացել նաեւ գերիների հարազատները, որոնք տեղեկություն էին ստացել, որ իրենց որդիները վերադառնալու են Բաքվից Երեւան, սակայն նրանք չէին վերադարձել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ վերադարձը հետաձգվում է: