շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևը հայտարարել է ադրբեջանցի յուրաքանչյուր զինծառայողի մահն անպատասխան չթողնելու մասին

Ալիևը հայտարարել է ադրբեջանցի յուրաքանչյուր զինծառայողի մահն անպատասխան չթողնելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ շարունակելու են մեծ գումարներ ուղղել ռազմական նպատակներով: Նա սպառնացել է Հայաստանին, թե վտանգ նկատելու դեպքում քայլեր կձեռնարկեն:

՛՛Ռազմական շինարարության հարցերը միշտ առաջնային տեղ են զբաղեցրել իմ օրակարգում։ Ես միշտ նշել եմ, որ ամենամեծ ծախսերը պետք է ուղղվեն ռազմական շինարարությանը՛՛,-նշել է նա:

Ադրբեջանկի նախագահը նաեւ հավելել է. ՛՛Բաքուն հետեւում է Հայաստանում զինված ուժերի շինարարության բոլոր փորձերին։ Եթե նկատենք փոքր-ինչ սպառնալիք, ապա այն կվերացվի՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, Հայաստանի տարածքի ինչ խորության վրա՛՛:

Ալիեւը հայկական կողմի վրա է բարդել հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանին հենց իրենց ագրեսիայի հետեւանքով ադրբեջանցի զինծառայողի մահվան պատասխանատվությունը՝ ասելով. ՛՛Ցավոք, մեր նախորդ բոլոր գործողությունները դաս չդարձան Հայաստանի համար՛՛։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ՛՛ադրբեջանցի զինծառայողի մահը երբեք անպատասխան չի մնա՛՛։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նա նաեւ ասել է, որ ՛՛յուրաքանչյուր մահացած ադրբեջանցի զինծառայողի համար Հայաստանը կրելու է հինգ անգամ ավելի կորուստ՛՛։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողություններ են իրականացվել, ինչի հետևանքով զոհվել է երեք հայ զինծառայող, կան վիրավորներ։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է մեկ զոհի մասին։

  • Կիսվել: