երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԱՀ ԱԺ-ն ընդունել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագիծը

ԱՀ ԱԺ-ն ընդունել է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանն առնչվող նախագիծը

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում եղել է 3 հարց, այդ թվում՝ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  

Այն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, Արցախի արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը: Նրա փոխանցմամբ՝ օրենքի նախագծի փոփոխությունը կապված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով Հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:

Նախագծով առաջարկվում են՝

 

·         ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի կախված եկամտի չափից դրոշմանիշային վճար վճարողները կվճարեն 1500-ից մինչև 15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ սկսած 18000 դրամից մինչև 180000  դրամ,

·         կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը Կառավարության որոշմամբ սահմանված կարգով դիմի պաշտպանության նախարարություն, ստանա տեղեկանք,  որի հիման վրա արդեն կարող է դիմել հատուցման հիմնադրամին և ստանալ հատուցում,

·         զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում:

Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային  վճարների գանձումը իրականացնել 2021թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար: 

Նախագծի քննարկումից և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով էլ առաջարկվում է ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ  դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո:

Օրենքի կարգավորումները կտարածվի 2020թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

  • Կիսվել: