ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանն այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
 
Նա նշեց, որ հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին:
 
«Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումները ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները: Ադրբեջանի ՊՆ պնդումները, թե հրետակոծությունը սկսել է հայկական կողմը, բացարձակ կեղծ են: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այս սադրանքի համար վերջին օրերին ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով հրապարակվող ապատեղեկատվությունները՝ իբր հայկական կողմի գնդակոծությունների վերաբերյալ»,- հայտատարեց Թորոսյանը՝ հավելելով, որ այս ձեռագիրը ծանոթ է  դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակվանից:
 
«Ինչպես բոլոր այդ դեպքերում, վերջին լայնածավալ սադրանքի պարագայում նույնպես այն նախաձեռնել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-նշեց նա:
 
Նշենք, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Արամ Թորոսյանի խոսքով՝ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով՝ իրադրության զարգացումների վերաբերյալ: «Հորդորում ենք զերծ մնալ մարտական գործողությունների պատկերմամբ տեսանյութեր հրապարակելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,-ընդգծեց ՊՆ խոսնակը:

  • Կիսվել: