ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանի զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել

Ադրբեջանի զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել

Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական լայնածավալ գործողությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մասով տեղեկություններ:

Դեռևս հուլիսին ադրբեջանական կողմից լայնածավալ հարձակում էր ծավալվել ՀՀ շփման գծի՝ Տավուշի մարզին հարող տարածքներոմ, որի ընթացքում հրետակոծվել էին մարզի շուրջ 8 բնակավայրեր: Դեռևս այդ ժամանակներից են հարուցվել քրեական գործեր՝ նշեց ավագ դատախազը:

«Հարուցել ենք քրեական գործ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ թույլ տալու փաստով»,- նշեց Մարտիրոսյանը:

Սեպտեմբերի 27-ից սանձազերծված և մինչ օրս ընթացող պատերազմի մասով կրկին հարուցվել են քրեական գործեր ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, վարելու և զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ թույլ տալու, վարձկանների հավաքագրման և օգտագործման փաստով:

«Դրանից շուրջ երկու օր անց ադրբեջանական կողմը հարձակում է գործել և թիրախավորել ՀՀ տարածքը՝ Գեղարքունիքի, հետագայում նաև Սյունիքի մարզի տարածքները: Գրոհների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը, ինչը ոչ միայն ներպետական, այլև միջազգային իրավունքով է անթույլատրելի»,- նշեց ավագ դատախազը:

Մարտիրոսյանի խոսքով՝ տվյալներ կան, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը վարձկաններին ստիպել են Հորադիզի շրջանում ակտիվորեն ռազմական գործողություններ ձեռնարկել և իրականությունը թաքցնելու համար էլ ստիպել են ադրբեջանական զինվորական համազգեստ կրել:

  • Կիսվել: