հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են Ջերմուկի մատույցներում գտնվել. Վայոց ձորի մարզպետ

Սահմանին իրավիճակը խաղաղ է, Ջերմուկում էլ որևէ միջադեպ չի գրանցվել, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

«Օրեր առաջ ՊՆ-ն հրապարակել էր, որ թեթև միջադեպ է եղել, բայց, ընդհանուր առմամբ, խաղաղ է», - ասաց նա։

 
Թե Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել՝ նա հորդորեց այս հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։
 

Գրիգորյանը հայտարարեց, թե, իրենց տեղեկություններով, ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում, բայց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։

«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ-ն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն՝ հետախուզական, և այլն։ Եթե ԳՇ-ն ասել է գնացել են... ամեն դեպքում, մենք տեսնում ենք, Ջերմուկից հնարավոր է տեսնել», - ասաց Վայոց ձորի մարզպետը։

Հարցին՝ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հնարավո՞ր է, որ հայկական կողմի դիեր լինեն, մարզպետը ասաց․

«Չեմ կարծում, որ դա իրական է, իմ տեղեկություններով՝ անվտանգության համապատասխան աշխատակիցները ՊՆ-ի հետ համաձայնեցված ամբողջ տարածքով անցել են և ոչինչ չեն հայտնաբերել, այն տարածքներում, որը մենք ենք դիտարկում, որևէ բան չեն տեսել»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել էր, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել։

 

  • Կիսվել: