հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերը` Արցախյան երկրորդ պատերազմում

Ադրբեջանական քարոզչական կեղծ թեզերը` Արցախյան երկրորդ պատերազմում

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը ուղեկցվում է Հայաստանի դեմ տեղեկատվական քարոզչությամբ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում ինֆորմացիոն դաշտում հակառակորդի կողմից ամենից շատ շրջանառված կեղծ թեզերը։

Ալիևի հայտարարությունն ու տեղեկատվական արշավի մեկնարկը

Պետք է նշել, որ ադրբեջանական քարոզչությունը սկսեց ակտիվանալ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 19-ին ԶԼՄ-ներին տված հարցազրույցից հետո, երբ վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտությունը սրելու նպատակով տարբեր սադրանքներ իրականացնելու համար։ Հիշյալ հայտարարությունից 2 օր անց` սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց հայ֊ադրբեջանական սահմանին զոհված զինծառայող Մամմադով Էլշան Ալի օղլուի մասին՝ նշելով, որ զինծառայողը սպանվել է «հայկական գնդակից»։ Այս լուրը ադրբեջանական լրատվականներում տարածվեց աննախադեպ արագությամբ՝ այն դեպքում, որ սովորաբար կորուստների մասին հակառակորդը լռում է։

Հայաստանի ՊՆ-ն հերքեց Ադրբեջանի պնդումը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ հայկական կողմը սպանված զինծառայողի մասին տեղեկություն չունի։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք»,- նշել էր մամուլի խոսնակը։

Քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ թեզը

Քուրդ և սիրիացի զինյալների ներգրավումը Արցախի ՊԲ-ում ադրբեջանական կողմից պարբերաբար շրջանառվող թեզն է, որը վերջին օրերին վերարտադրվեց նոր թափով և «ապացույցներով»։ Ի սկզբանե այս մասին գրեցին եգիպտական լրատվականները։ Վերջիններս հայտնում էին, թե Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ–ի) զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։ Ապա այդ մասին սկսեցին գրել ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ները։

 

Day.az, oxu.az, baku.ws և այլ ադրբեջանական լրատվակայքեր «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված էին հրապարակել՝ որպես ապացույց կցելով դեռևս 2019 թվականին Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից լուսանկար։

Derin Dusunce-ը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել էր սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչի լուսանկարը ու նշել՝ «սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում»։ Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր էր «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Ապատեղեկատվությանն արձագանքել էր նաև ինքը՝ Բիկովիչը։

Թուրքական CNNTÜRK-ը 8-րոպեանոց նյութ էր պատրաստել Արցախում «կռվող» ՔԱԿ զինյալների մասին։ Ռեպորտաժի ընթացքում հրապարակել էին կադրեր, որտեղ իբրև ՔԱԿ զինյալները «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ կռվում են Արցախում։ Հրապարակված երկու լուսանկարներն էլ կեղծ էին։ Առաջին դեպքում հեղինակները կոլումբիական ազգային բանակի (FARC) դրոշը շփոթել էին ՀՀ եռագույնի հետ։

Երկրորդ լուսանկարը, որն «ապացուցում էր» զինյալների՝ Արցախումը կռվելը, կրկին 2019 թվականին Սիրիայում «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից արված լուսանկար էր։

Կարող ենք փաստել, որ ո՛չ քուրդ, ո՛չ սիրիացի զինյալների՝ Արցախում պատերազմի մասնակից լինելու մասին որևէ ապացույց այդպես էլ չներկայացվեց։

Հայաստանը արգելված զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի դեմ

Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործելով միջազգային կոնվենցիայով արգելված կասետային հրթիռներ (ինչի մասին փաստում են հեղինակավոր Amnesty International-ն ու Halo Trust-ը), Ադրբեջանը նույն արարքի համար մեղադրում է հայկական Զինված ուժերին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը իր թվիթերյան միկրոբլոգում պնդում էր կատարել, թե Հայաստանը կասետային ռումբերով հարվածել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի ուղղությամբ՝ որպես ապացույց կցելով լուսանկարներ։ Հետաքրքրական է, որ լուսանկարի հրթիռային համակարգերն ու զինամթերքը տարածաշրջանում առկա են միայն Ադրբեջանի զինանոցում. Հայաստանը Իսրայելից նման զենքեր չի գնել։

Ադրբեջանական կողմի հաջորդ «ապացույցը» վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Այս առիթով տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Տեսանյութը իրականում արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Այնտեղ իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։

Սիրիայում զորախումբ կենտրոնացնելու մասին հին թեզեր

Ինֆորմացիոն դաշտում ակտիվորեն շրջանառվող հաջորդ լուրն այն մասին էր, թե Հայաստանն առնվազն 450 զինծառայող է ուղարկել Սիրիա՝ պայքարելու թուրքական բանակի դեմ: Այս մասին գրել էին ադրբեջանական լրատվակայքերը՝ հղում անելով իսրայելական NZİV.net-ին։ Հաղորդվում էր նաև, որ հայ վարձկանների գործողությունների համակարգումը իրականացնում է Սիրիայի ռազմական հետախուզության գեներալ Մուխսան Նաֆնուֆը։

Հարկ է նշել, որ տարածվող այս լուրը պարբերաբար հայտնվում է ինֆորմացիոն դաշտում։ 2018 թվականին ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը առիթ ունեցել է նշելու, որ խոսքը զորախմբի կամ Զինված ուժերի ստորաբաժանման մասին չէ, այլ հումանիտար մասնագետների՝ հիմնականում բժիշկների և ինժեներների։ Վերջինիս խոսքերով՝ մասնագետները օգնելու են Հալեպի բնակիչներին, մասնավորապես՝ սիրիահայ համայնքին և փորձելու իրենց մասնագիտական գիտելիքներով խաղաղ բնակչությանը օգտակար լինել։ ՊՆ-ն ներկայացրել էր նաև Սիրիա խումբ ուղարկելու իրավական պարզաբանումները։

Նշենք, որ հումանիտար խմբի 450 մասնագետ միաժամանկ երբևէ Սիրիայում չի եղել, որպես կանոն խմբերը կազմված են լինում 70-ական անդամներից և փոխարինում են իրար։ Սիրիայի ռազմական հետախուզության գեներալի համակարգման մասին պնդումները ևս կեղծ են, քանի որ մասնագետների խումբը ենթակա է բացառապես ՀՀ-ին։

Արցախի բնակչության մասսայական տարհանման թեզը

Սեպտեմբերի 24-ին մասսայական տարհամնամ լուրը շրջանառվեց սոցիալական ցանցերով։ Տարբեր հավելվածների մեսսենջերներով հայ օգտատերերին Արցախի ՊԲ-ի անունից ուղարկվում էր «փաստաթուղթ», թե պետք է պատրաստ լինել «արտակարգ տարհանման»։ Նշենք, որ տարածվող փաստաթուղթը կեղծ էր, ինչը հաստատվել էր նաև ՊԲ-ի կողմից։

Տարհանման «փաստականությունը» ցուցադրելու համար հրապարակվեց նաև տեսանյութ, որպում դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվում էր՝ որպես երկիրը լքող մարդկանց խումբ։

Երրորդ փորձով խեղաթյուրվեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի խոսքերը։ Մեջբերելուվ դեսպանի՝ Эхо Москвы»-ին տված հարցազրույցից մի հատված, նշվում էր, թե Հայաստանը մշակում է Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանման պլանը։ Իրականում Վ. Տողանյանը, խոսելով մոբիլիզացման գործընթացի մասին, շեշտում է՝ Ստեփանակերտում հայտարարվում է «օդային տագնապ», մարդիկ թաքնվում են նկուղներում և ռմբապաստարաններում։ Այստեղ որևէ խոսք չկա տարհանման կազմակերպման մասին։

Հայկական բանակի կորուստների մասին չափազանցված տվյալներ

Ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված պատերազմից հետո դաշտում հայտնվեցին բազմաթիվ լուրեր՝ հակառակորդի գրանցած կեղծ հաջողությունների մասին։

«WhatsApp» և «Viber» հավելվածների միջոցով Հայաստանում և Արցախում բնակվող օգտատերերին ուղարկվում էին ձայնային հաղորդագրություններ, որում, «ցիտելով» փոխգնդապետ Զարզանդին, հաղորդում էին՝ «հայկական զորքերը ետ են նահանջում։ Շուտով փակվելու է դեպի Հայաստան տանող ճանապարհը»։ Ձայնային այս հաղորդագրությունը ադրբեջանական հերթական կեղծիքն էր։

Ադրբեջանական լրատվականները՝ հղում անելով իրենց ռազմական աղբյուրներին, գրել էին, թե Harop-ի կործանիչ ԱԹՍ-ով ոչնչացվել է բունկեր, որտեղ հայ սպաներ և գեներալներ են եղել։ Լրատվականների՝ որպես ապացույց ներկայացվող լուսանկարը, առնվազն 4 տարվա հնության էր։ Համացանցում այն հայտնվել էր դեռևս 2016-ին։ Նշենք, որ Արցախի ՊԲ-ն էլ իր հերթին տարածված լուրը բացարձակ ապատեղեկատվություն որակեց։

Սեպտեմբերի 28-ին հակառակորդը տարածել էր տեղեկատվության այն մասին, թե Թալիշում զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ Հաջորդ օրն արդեն հրապարակվել էր փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս մեկնաբանում է իր «մահվան» մասին լուրերը։

Այն բանից հետո, երբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց առաջնագիծ մեկնելու մասին, հաջորդ իսկ օրը ադրբեջանական մեդիան ողողվեց լուրերով, թե վերջինս վիրավորում է ստացել։ Armiya.az-ը, մասնավորապես, գրել էր, թե տեղեկություններ կան, որ հարված է հասցվել Արցախի ԱԱԾ շենքին, ինչի արդյունքում էլ նախագահը վիրավորվել է, իսկ ուղեկցող թիկնապահները՝ զոհվել։ Այս լուրից հետո Արայիկ Հարությունյանը շատ անգամներ վիդեոուղերձներով և մամուլի ասուլիսներով է հանդես եկել։

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Կիսվել: