շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար

Ադրբեջանական կողմից զորքերի տեղաշարժ չկա. ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը չի հաստատում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում զորքերի կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկությունները։ 

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս պահին գետնի վրա նման երևույթ (խմբ․ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի տեղաշարժեր) տեսանելի չէ։ Մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունն այն մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հաստատում»,-ասաց Սուրեն Պապիկյանը։ 

Նրա խոսքով՝ հայկական դիրքերի, ՀՀ ԶՈՒ անձնակազմի վրա ուղղված բոլոր վտանգավոր կրակոցների, խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարության կողմից մշտապես տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտիներում կրակոցների վերաբերյալ տարբեր անձանց կողմից տարածվող կամ տարածված հաղորդագրություններին՝ Սուրեն Պապիկյանը մատնանշեց, որ պաշտպանության նախարարությունն այդ մասին արդեն իսկ հաղորդագրություն է տարածել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն արդեն 6-րդ օրն է, ինչ ապատեղեկություն է տարածում ՀՀ-ի կողմից իբր կրակոցների մասին:

  • Կիսվել: