հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
600 միլիարդի սպառազինության մի ստվար մասը ՀՀ է բերվել Դավիթ Գալստյանի կողմից. Տոնոյան

600 միլիարդի սպառազինության մի ստվար մասը ՀՀ է բերվել Դավիթ Գալստյանի կողմից. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում չի մանրամասնել, թե պատերազմի օրերին որքան զինամթերք է մատակարարվել Հայաստանին։ Նա, սակայն, այդ հարցերին խոստացել է անդրադառնալ փակ նիստում՝ հաշվի առնելով նաև արտաքին քաղաքական բաղադրիչը. «Արվել է համարյա անհնարինը, որի վերաբերյալ, իմիջիայլոց, հակառակորդ երկրի նախագահը երկու անգամ հրապարակային բողոքել է»։

Տոնոյանը հայտնել է նաև, որ զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ եղել են նաև ռազմական գործողությունների նախորդող ժամանակաշրջանում. «Խնդրում եմ հաշվի առնել, որ պատերազմի ժամանակ չէ միայն, որ զմռսված են եղել սպառազինության մատակարարման մեր ուղիները, մեծ դժվարություններ եղել են նաև մինչև պատերազմը»։

Խոսելով զենքի մատակարարմամբ զբաղվող «Պատրոն Դավո» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի հետ իր հարաբերությունների մասին, նա նշել է. «600 միլիարդի սպառազինության մի ստվար մասը ՀՀ է բերվել նրա կողմից»։

Ըստ Տոնոյանի, Դավիթ Գալստյանը եղել է այն անձը, ով հնարավորություն, հմտություններ ու կարողություններ ուներ մատակարարումների կազմակերպման Հայաստանի Հանրապետության մատակարարման ուղիների զմռսված լինելու պայմաններում։ Տոնոյանը նաև ընդգծեց, որ այդ անձը որևիցե ձևով չի մասնակցել որոշումների կայացմանը և ներկա չի եղել քննարկումներին։

  • Կիսվել: