ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում

44–օրյա պատերազմի 59 մասնակից մինչ օրս անհետ կորած են համարվում

4–օրյա պատերազմին մասնակցած 59 զինծառայողներ 2022թ–ի դեկտեմբերի 12-ի դրությամբ դեռևս անհետ կորած են համարվում։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության նիստում հաստատված որոշման նախագծում, որով առաջարկվել է անհետ կորած զինծառայողներին տրվող ամենամսյա սոցիալական աջակցությունը երկարացնել ևս 2 ամսով։
 
Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով անհետ կորածների ընտանիքները պետք է դիմեն դատարան` իրենց հարազատներին «անհայտ բացակայող ճանաչելու» հարցով, ինչը ոչ բոլոր ընտանիքներն են արել, կամ դատարանները այդ հայցերով վերջնական որոշումներ դեռևս չեն կայացրել։
 
Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300 000 դրամ, և տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած 59 զինծառայող առայժմ անհայտ բացակայողի կարգավիճակ չունի, կառավարությունը որոշել է ևս երկու ամսով երկարացնել նրանց ընտանիքներին 300 000–ական դրամ աջակցության տրամադրումը` այդ նպատակի համար 2023թ–ի բյուջեից հատկացնելով 35 400 000 դրամ։
Հիշեցնենք` 2022թ–ին ընդունած որոշման ժամկետն ավարտվել էր նոյեմբերի 1-ին։ Այդ պահից սկսած սոցիալական վճարումները դադարեցվել էին։ Եվ, քանի որ 2022թ–ին ՀՀ կառավարությունը վճարումների շարուակականությունն ապահովելու համար նոր որոշման ընդունումը տեխնիկապես անհնար է համարել, այն ընդունվել է ուշացումով` հատկացումը թողնելով 2023թ–ի բյուջեի` կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

  • Կիսվել: