ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ը սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ էր, անակնկալները կշարունակվեն 2020-ին. Բալայան

2019-ը սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ էր, անակնկալները կշարունակվեն 2020-ին. Բալայան

Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ 2019 թվականը սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել, նման անակնկալները շարունակվելու են նաև 2020-ին, սակայն չմանրամասնեց, թե ՀՀ-ն կոնկրետ ինչ զինամթերք պիտի ստանա:

Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ 2019 թվականին Երևանում զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել են, իսկ այժմ ծրագիրն իրականացվում է նաև մարզերում: Նա, մասնավորապես, նշեց. «Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ:

Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ: Ցավոք սրտի, հասարակությունը միայն արձագանքում է բացասական դեպքերին, բայց կան հազարավոր դեպքեր, երբ իրավիճակից ելնելով՝ ճիշտ որոշումներ են կայացվում, և հնարավոր է լինում վատ դեպքերից խուսափել: 2019 թվականն այդ առումով աննախադեպ է եղել՝ և՛ կարգապահության, և՛ սպառազինության»

Խոսելով զինծառայողներին հիպոթեքային վարկեր տալու մասին՝ Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ այն կսկսվի 2020-ի երկրորդ եռամսյակից: Նա ասաց. «Ամենակարևոր բանը, որ ուզում եմ շեշտել՝ գումարը բյուջեով հատկացված է, և կառավարությունը, ինչպես որ խոստացել էր, ամեն տարի կբավարարի 500 շահառուի կարիք: Ընդ որում՝ առանց վիճակահանության առաջնությունը տրվելու է այն գործող զինծառայողներին, որոնք հերթագրված են բնակարանային ապահովության համար, սակայն կարիքը դեռ չի բավարարվել»:

  • Կիսվել: