ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2019 թվականն աննախադեպ  էր զինված ուժերի համար. Տիգրան Կարապետյան

2019 թվականն աննախադեպ էր զինված ուժերի համար. Տիգրան Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամառային զորակոչն անցնի անվտանգության կանոններին համապատասխան։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։

Նշենք որ այսօր Հայաստանում մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը։ ՊՆ-ից հայտնել են, որ հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև՝ միայն մասնակցում վիճակահանությանը։

«Զորակոչն արդեն մեկնարկել է և վստահ եմ, որ այն կանցնի ըստ պլանավորածի, և ՀՀ պաշտպանության նախարարության ձեռնարկած միջոցառումները արդյունք կտան»,- ասաց պատգամավորը։

Տիգրան Կարապետյանը վստահություն հայտնեց, որ տարիներ շարունակ զորակոչի ժամանակ ի հայտ եկած բողոքներն այս տարի հնարավորինս քիչ կլինեն, քանի որ այդ ուղղությամբ ևս լուրջ աշխատանքներ են տարվում։

«Ամեն տարի արվում է մաքսիմալը, որպեսզի չլինեն բողոքներ, չլինեն սուբյեկտիվ մոտեցումներ: Այդ առումով նաև՝ լուրջ աշխատանք են տանում բժշկական հանձնաժողովները: Ամեն դեպքում դինամիկա կա, ՊՆ-ն փորձում է ավելի ժամանակակից և ավելի օբյեկտիվորեն կազմակերպել զորակոչը, որպեսզի զորակոչի ընթացքում չունենանք խնդիրներ, նաև զինվորների առողջության հետ կապված, որպեսզի չունենանք այն դեպքերը, երբ բազմաթիվ բողոքներ ունեցել ենք, որ հիվանդներ են զորակոչվել և այլն»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով վերջին երկու տարիներին հայկական բանակում իրականացվող բարեփոխումներին, պատգամավորը նշեց, որ ամենամեծ փոփոխությունը տեղի է ունեցել սննդի կազմակերպման գործընթացում։ Նա նշեց, որ հավանաբար մինչև տարեվերջ ամբողջությամբ այս խնդիրը կլուծվի և ԶՈւ-ի բոլոր զորամասերն արդեն անցած կլինեն սննդի մատակարարման նոր կարգին։

Տիգրան Կարապետյանն ասաց նաև, որ  2019 թվականը աննախադեպ էր զինված ուժերի համար։

«Եղել է աննախադեպ բոլոր առումներով։ Պաշտպանության նախարարն էլ ասել է, որ վերջին 1,5 տարիներին կատարվել է այնքան աշխատանք, որքան չի կատարվել 10 տարվա ընթացքում։  Մենք վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, հակաօդային պաշտպանության համակարգը համալրվեց ժամանակակից  համակարգերով և այլն»,- նշեց նա՝ հավելելով, որ սպառազինության ձեռբբերման մասով դեռ բազմաթիվ բանակցություններ ընթացքի մեջ են։

Նրա խոսքով՝ Զինված ուժերի պատրաստվածության և մարտավարական առումով ևս լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել։ «Զինված ուժերի պատրաստվածության և մարտավարական առումով ևս լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել։ Զինված ուժերը դինամիկ զարգացման փուլ են մտել»,-հավելեց նա։

Հարցին, թե չնայած այդ ձեռքբերումներին ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը չի կարողանում կառավարել երկիրը, Տիգրան Կարապետյանն ասաց, որ, ցավոք, խոսում են այդ մարդիկ, որոնք ոչ միայն պատկերացում չունեն զենքից ու սպառազինությունից, այլև խորհուրդներ են տալիս բանակի ղեկավարությանը, թե այս կամ այն զենքը պետք էր գնել։

«Աբսուրդայինն այն է, որ տարիներ շարունակ մարդիկ եղել են իշխանության, եղել են ԶՈւ-ի զարգացման պատասխանատուն և իրենց բացերը թողած՝ փորձում են քննադատել մեզ։ Հակաօդային պաշտպանության համակարգերի մասին մեծ արձագանք եղավ, Արցախի նախագահը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրներ ենք ունեցել հակաօդային պապտպանության համակարգում։ Ես կարծում էի, որ այդ մարդիկ ուղղակի պետք է լռեին, ընդունեին, որ սխալներ եղել են և կշարժվեինք առաջ, բայց չգիտես ինչու մեծ աղմուկ բարձրացավ», - նշեց նա։

Նա նաև ասաց, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի համար Արայիկ Հարությունյանը հայտարարությունն անակնկալ չի եղել։ «Խնդիրներ ունեցել ենք, այդ մասին կհրապարակվի։ Մենք հիմա աշխատում ենք զեկույցի վրա»,- ասաց նա։  

  • Կիսվել: