չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2018-ից ի վեր բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրգործեր են հարուցվել. վարչապետ

2018-ից ի վեր բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրգործեր են հարուցվել. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Պաշտպանության նախարարի ձերբակալված խորհրդականի՝ կոռուպցիայի մեղադրանքով դեպքին և նշել, որ այդ առիթով քրեական գործեր հարուցվել են դեռևս 2018 թվականին: Այս մասին նա ասել է Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում:

՛՛Եվ այսօր շատերը հարցնում են. այդտեղ հեղափոխական փոփոխություններ չենք արել, որովհետև նույն զենքի մատակարարման ոլորտում, չնայած եղել են ամենատարբեր քննադատություններ, էլի հեղափոխական փոփոխություններ չենք արել՛՛,-նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ 2018-ի դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել. ՛՛Եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով:

Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը՛՛:

Մնացականյանի դիտարկմանը՝ թե գոնե կփակվի կոռուպցիայի ճանապարհը,  Փաշինյանը նշել է, որ հենց 2018-ից ի վեր բանակի կոռուպցիոն մեխանիզմների հետ կապված տասնյակ քրեական գործեր են հարուցվել, և դրանց նպատակը եղել է իրավիճակի շտկումը:

՛՛Ի դեպ, բանակում այնպիսի խնդիրներ են եղել, որոնք պետք է չլինեին: Սկսած նրանից, որ, օրինակ, երբ զինվորներին արձակուրդ են տալիս և գումարը չեն տալիս, ասում են՝ մեքենա կգա քեզ կտանի: Այսինքն՝ եղել են այս կարգի պրոբլեմներ, որոնք նաև էական ազդեցություն են ունեցել բանակի շուրջ մթնոլորտի վրա: Եվ ես բազմիցս ասել եմ, որ բանակը մեր երկրում ունի անառարկելի հեղինակություն, և մեր խնդիրն է՝ բանակում ծառայության հեղինակությունը, որն անհամեմատ ցածր է բանակի հեղինակությունից, հավասարեցնել բանակի հեղինակությանը՛՛,-նշել է վարչապետը:

  • Կիսվել: