շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ ղեկավար

102-րդ ռազմաբազայի մի մասը կարող է տեղակայվել արևելյան ուղղությամբ. ՀՀ ՊՆ ղեկավար

Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրիի 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին Ria.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:

«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով  սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:

Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:

  • Կիսվել: