հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Զորաց քարերը» Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է․ ԿԳՄՍՆ

«Զորաց քարերը» Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է․ ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը մեգալիթյան հուշարձան է, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և անվանական տարբերակով:

Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է՝ տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 մետր:

Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր:

«Զորաց քարերը» Հայաստանի եզակի պատմամշակութային հնավայր է: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է Ք.ա. XV-XIV դարերին:

1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում Ք.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին է վերաբերվում նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են Ք.ա. III-I հազարամյակներին:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար:

«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է:

Տեսանյութը՝ «Պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի:

  • Կիսվել: