շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. ԿԳՄՍՆ

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. ԿԳՄՍՆ

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։
 
Հնագետները իրականացրել են տեղային հետազոտություն՝ մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետո արշավախումբը, հարակից փոքր տեղամասերով իրականացվող պեղումների արդյունքում, բացել է աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդեր։
 
«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան) ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել», - ասել է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։
 
Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։ Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ․ վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։
 
Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները, նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։
 
Պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։

  • Կիսվել: