երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում ներկայացվել են հայկական մշակութային արժեքները

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային Սոֆիայի կենտրոնում իրականացվել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության օրեր» նախագիծը, որում ներկայացվել են անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցուցակում դեռ չընդգրկված տարրերը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Նախագծի նպատակներն էին ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանումն ու հանրահռչակումը, արժեքների՝ սերնդեսերունդ փոխանցումն ու դրանցով ոգեշնչումը: Նախագծի «Հայաստանի օրեր» միջոցառման շրջանակում ներկայացվել են հայկական ասեղնագործության, փայտի գեղարվեստական մշակման և ուտելի բույսերի մասին՝ առանձին-առանձին անդրադառնալով յուրաքանչյուր տարրի յուրահատկություններին:

Բացման խոսքով հանդես է եկել Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, ով կարևորել է Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և իրազեկման, ինչպես նաև Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանի բոլոր երկրների ակտիվ մասնակցության և համագործակցության առումով՝ ընդգծելով հայ-բուլղարական դեռևս միջնադարից եկող պատմական ու մշակութային առնչությունները:

Տեղափոխությունների ընթացքում Բուլղարիայում հաստատվել են տարբեր մասնագիտությունների տեր հայ արհեստավորներ, որոնք իրենց ստեղծագործական գործունեության ընթացքում ոչ միայն պահպանել են հայկական մշակույթի բնորոշ տարրերը, այլև մեծ ներդրում են ունեցել տեղական մշակութային ժառանգության պահպանության և մշակութային փոխազդեցությունների գործընթացներում: Որպես քրիստոնյա մշակույթի կրողներ՝ առկա են հայ-բուլղարական ընդհանրություններ` կապված տոների, հավատալիքների և սովորույթների, ուտեստի մշակման ավանդական եղանակների և հացի պաշտամունքի հետ:

  • Կիսվել: