շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Yerevan Jazz Fest»-ն ու «Ոսկե ծիրան»-ը համատեղ նախաձեռնությամբ հանդես կգան

«Yerevan Jazz Fest»-ն ու «Ոսկե ծիրան»-ը համատեղ նախաձեռնությամբ հանդես կգան

Նոյեմբերի 17-ին կմեկնարկի «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնը։ Այս մասին հայտնում են Ջազի հայկական ասոցիացիայից, ընդգծելով, որ չխախտելով արդեն ձևավորված ավանդույթը` այս տարի էլ փառատոնը կբացվի «Ararat Jazz Night» համերգով, որի գլխավոր հյուրը GRAMMY-ի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Ռիշար Բոնան է: 

«Yerevan Jazz Fest 2021»-ն այս տարի հանդես կգա նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ: Կինոյի տանը կցուցադրվի «Կեսգիշերին մոտ» (Round midnight) ջազային մոտիվներով ֆիլմը, երաժշտությունը` Հերբի Հենքոքի:
 

«Կեսգիշերին մոտ» ֆիլմի ցուցադրությանը կնախորդի համերգ, որի ընթացքում երիտասարդ ջազ երաժիշտները հանդես կգան կինոնկարում հնչած ստեղծագործությունների՝ կատարումների իրենց մեկնաբանությամբ:

Ջազ փառատոնը կներկայացվի նաև մարզերում. Գորիսում համերգով հանդես կգա «Մալխաս» ջազ բենդը, Դիլիջանում ելույթ կունենա Վահագն Հայրապետյանն՝ իր բենդով:

Երևանում` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տեղի կունենա «Yerevan Jazz Fest 2021»-ի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ միջոցառումը: Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախմբն ու Վահագն Հայրապետյան ջազ տրիոն: Կհնչեն Ա. Բաբաջանյանի  ստեղծագործությունները`Վահագն Հայրապետյանի ջազային մշակմամբ:

Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ` աշխարհահռչակ թմբկահար Բիլլի Քոբամի և նրա բենդի համերգով։ Այն նվիրված է սիրված ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին:

 

  • Կիսվել: