«WATERLAND» ջրային կրկեսը հեքիաթային շոու է խոստանում Երևանում
Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ուկրաինական «WATERLAND» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է որպես կրկես ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված են մարտի 6, 7, 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ջրային կրկեսի համար հատուկ լողավազան է պատրաստվում, որը մինչև 20 մետր բարձությամբ ցայտող բազմաթիվ շատրվաններ ունի։ Հատուկ լազերային գունագեղ լուծումներն էլ ավելի հեքիաթային կդարձնեն ցուցադրությունը։ Ջրային կրկեսը նաև աչքի է ընկնում երաժշտական օրիգինալ ձևավորմամբ։
Այս ունիկալ ջրային կրկեսը ստեղծվել է շնորհիվ ոչ միայն պրոֆեսիոնալ արտիստների, այլև՝ ժամանակակից տեխնոլոգիաների։ Կրկեսին բնորոշ սովորական հարթակին փոխարինում է ջրային հարթակը, շատրվանները մոտ 170 տոննա ջուր են արձակում, ինչն ուղեկցվում է լուսային և ձայնային էֆեկտներով։ Շոուն հագեցած է նորագույն տեխնիկայով, իսկ ծրագիրը բազմաթիվ ցնցող համարներով, որոնք ներկայացնում են օդային մարմնամարզիկները, ակրոբատները, ծաղրածուները, հրաշագործները, ինչպես նաև «Fusion dreams» շոու-բալետի և «Dance Breeze» ակվաբալետի արտիստները։
Ի դեպ, օդային մարմնամարզիկները, Միխայիլ Սևրյուկովի ղեկավարությամբ, հանդիսանում են «Эхо Азии» ամենամյա միջազգային կրկեսային փառատոնի ոսկե մրցանակակիրներ։ Այս փառատոնին մասնակցում են կրկեսային արտիստներ աշխարհի տարբեր անկյուններից։
Ջրային կրկեսի ժամանակ պարանների վրա իրենց հմտությունները կցուցադրեն մարմնամարզիկներ Օլգա Պետրիկը և Իվան Ֆասենկոն։ Առանձին համարով հանդես կգա ուժային ատլետ Ռուսլան Գիլմուլինը։
«WATERLAND» ջրային կրկես այցելողներին սպասվում է աննախադեպ հետաքրքիր և դինամիկ երեկո՝ լի հրաշքներով: